Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«Առավելագույնն, ինչ կարող է անել պետությունը նկարիչների համար». Գարրի Արզումանյան

425
Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2019 թ., 05:10
«Առավելագույնն, ինչ կարող է անել պետությունը նկարիչների համար». Գարրի Արզումանյան

Ծովանկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի խումբ նկարիչներ առաջարկում են լուծարել նկարիչների միությունը և փոխարենն ստեղծել ֆոնդեր, որոնք կաջակցեն արվեստագետներին: Այդ ֆոնդերը պետք է լինեն պետական աջակցության շրջանակում, որտեղ պետությունը պատվիրակողի դերում կլինի, ոչ թե աջակցողի:
Սա պատկերասրահներից մեկում արված մի խումբ նկարիչների հայտարարությունից է.

Լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, այդուհանդերձ թույլ տամ ինձ մի քանի նկատառում:

1. Պետությունն ընդհանրապես պետք է մոռանա «աջակցել» տերմինը: Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած կետային աջակցություն, որտեղ առկա է սուբյեկտիվության գործոնը, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ բերում է հովանավորչություն, առաջացնելով ֆավորիտների ու մերժվածների խավեր:
Առավելագույնը, ինչ կարող է անել պետությունը, դա հարթակ ստեղծելն է, որտեղ ստեղծագործողն ու արվեստի սպառողը կհանդիպեն միմյանց: Մնացածը կանեն առաջարկն ու պահանջարկը և առողջ մրցակցությունը:

2. Պետական առաջնահերթություններից մեկը պետք է լինի գեղանկարչական կրթության ոլորտը կարգավորելը, ներառյալ համացանցային կրթությունը, ինչպես նաև լայն հասարակությանը պետական քարոզչության միջոցով մշակութային կենսաձևին նախապատրաստելը: Առայժմ մենք տեսնում ենք դրա հակառակ պրոցեսը, անորակ ու անհասկանալի հեռուստա-մոդիակոնտենտի միջոցով ապամշակութային, սպառող զանգված գեներացնելը: Ընդ որում, դրանով են զբաղված բոլոր հեռուստատեսությունները, Առաջին Հանրայինը չհաշված: Ինչ վերաբերում է կրթությանը, ես մնում եմ այն կարծիքին, որ չունենք կրթություն. ունենք դրա իմիտացիան: Ունենք հզոր արվեստագետներ հանդիսացող ուսուցիչներ, բայց չունենք համակարգ: Իսկ առանց համակարգային մոտեցման ցանկացած հզոր անհատ անզոր է մշակութային խնդիրների առաջ:

3. Եվ վերջապես, նկարիչներին պետք չէ վերաբերվել ինչպես ինվալիդների: Նրանց ողորմություն, օգնություն պետք չէ:
Եթե նկարիչն ունի տաղանդ, ասելիք և այն իրագործելու պոտենցիալ, նրան պետք է ընդամենը հարթակ ներկայանալու համար: Պետք չէ ոչ աջակցություն, ոչ նվերներ, ոչ արտոնություններ: Միայն թե մի խանգարեք, կողքից առաջ տանելով ձեր ֆավորիտներին: Թողեք ազատ տարածություն, ձևավորեք ազատ մրցակցային միջավայր ու կտեսնեք, որքան կտրուկ է բարձրանալու արվեստի որակն ու մակարդակը...

Այս թեմայով կարող եմ շատ գրել: Թե որքանով ենք պատրաստ համակարգային փոփոխությունների, ցույց կտա ժամանակը, ըստ դրա էլ կկողմնորոշվենք արժե առհասարակ դրա մասին խոսել, թե դա կլինի ընդամենը ժամանակի կորուստ: Կարծում եմ սկզբի համար այսքանը բավական է»: