Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս». Խորեն Աբրահամյան

992
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 13:10
«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս». Խորեն Աբրահամյան

Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում...

Խորեն Աբրահամյան

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահռչակ դերասան Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է:

Նա ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։


Բազմիցս նկարահանվել է «Մոսֆիլմի», «Հայֆիլմի» և Երևանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, օրինակ՝ «Առաջին էշելոնը» («Մոսֆիլմ»), «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Իմ ընկերոջ մասին», «Փառքի օղակները», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլն։

Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Գ. Բորյանի «Կամրջի վրա» (Արմեն), Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ» (Արամ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Մյասնիկյան), Գ. Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Վ.Շեքսպիրի «Կորիոլան» (Կորիոլան), «Օթելլո» (Օթելլո) և այլն: Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոնկարներում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: 2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը:

Խորեն Աբրահամյանն արժանացել է մի շարք պարգևների ու մրցանակների, 1970թ.՝ ՀՀ Պետական մրցանակի, 1961թ.՝ Հայաստանի վաստակավոր, 1969թ.՝ ժողովրդական, 1980թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1981թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի, 2000թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման և ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: