Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

«Տեղյա՞կ եք, որ հենց Քոչարյանի ժամանակներում տեղի էին ունենում ավանգարդ արվեստի ցուցադրություններ». Կարինե Հարությունյան

176
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ., 10:25
«Տեղյա՞կ եք, որ հենց Քոչարյանի ժամանակներում տեղի էին ունենում ավանգարդ արվեստի ցուցադրություններ». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատե՞լ եք, որ ՀՀԿ-ի գործած ավերածությունների մասին խոսելիս հաճախ նշում ենք միայն նրանց ֆինանսական յուրացումները, բայց հոգևոր-մշակութային դաշտում արած ասպատակումների մասին կաʹմ լռում ենք, կաʹմ դրանք շրջանցում, ու մի քիչ հիշում ենք այն ժամանակ, երբ մի երկու պսևդոհայուգեններ կամ կեղծ բարեպաշտներ իրենց հոգևոր սնանկությունը փորձում են փաթաթել ուրիշների վզին՝ հերիք չէ, դեռ դրանով նպաստում են հանրության մշակութային հետընթացի շարունակականությանը:
«Հուզանք ու զանգի» վրա հարձակումները, Մելի մասին ֆիլմից այսահարվածության տարբեր դրսևորումները ոչ առաջինն են, ոչ էլ, ցավոք, վերջինն են լինելու: Եվ այս թեմատիկ հուզումների տարածումները նաև, կներեք, որոշ լրագրողների, կամ որոշ ԶԼՄ-ների շնորհիվ է:
Նախ՝ պերֆորմանսի մասին: Դուք տեղյա՞կ եք, որ նախկինում, հենց նույն Քոչարյանի ժամանակներում (ինչպես նաև դրանից առաջ ու հետո) պարբերաբար տեղի էին ունենում ավանգարդ արվեստի տարբեր ցուցադրություններ և ոչ մեկը դրանց մասին վատ բան չէր ասում: Դուք տեղյա՞կ եք, որ, օրինակ, «Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում թատրոնի մասին ձեր ունեցած պատկերացումներից դուրս ներկայացումներ էին ցուցադրվում: Դուք ի՞նչ եք ուզում, որ գնաք այսինչ թատրոն, որտեղ գոռում են սովետի ժամանակներից՝ նույն ոճով ու նույն պաթոսո՞վ: Դուք ուզում եք, որ այնինչ թատրոնում պետության հաշվին մի հսկա բեմադրություն արվի, որում ոչ խաղ կա, ոչ էլ ռեժիսորական աշխատա՞նք: Դուք ուզում եք, որ պետության հաշվին ֆիլմեր նկարվեն, որոնք ոչ մի բանի պետք չե՞ն, որոնցից, օրինակ, մեկի պրեմիերայի ժամանակ լուսահոգի Աղասի Այվազյանին հարցնում են՝ ի՞նչ կարծիքի եք, և նա ցավով ասում է՝ թույլ տվեք չխոսել: Իսկ Այվազյանը, անվիճելի է, որ ամեն նորն ու լավը գնահատող արվեստագետ էր և ինքն էլ իր ստեղծագործություններով ժամանակից առաջ ընկած մտածող մեկը:
Դուք ի՞նչ եք ուզում՝ դաշնակցականներ, ՀՀԿ-ականներ, քոչարյանականներ, ուզում եք՝ Հայաստանը շարունակի մնալ խավարում և առաջ գնալու, նոր մտքեր գեներացնելու փորձեր չանի՞: Որ հեղափոխությամբ վաստակած ազատ մտքի տարածականության սահմանները նեղանան-փոքրանան ու հասնեն ձեր մինչհեղափոխական ժամանակների նեղմտությա՞նը: Քսան տարին, իսկ ՀՅԴ պարագայում՝ մեկ դարից ավելի ժամանակը շատուշատ էր՝ հասկանալու համար, որ ձեր գնացքը վաղուց գնացել է: Հաշտվեք սրա հետ: Դուք պատկերացնու՞մ եք մարդ, որին ամեն օր թանով ապուր են հրամցնում և մեկ էլ սեփական ճաշացանկը կազմելու հնարավորություն է ստանում: Դուք ի՞նչ եք կարծում, Հայաստանի հանրությունը ձեզ կզիջի՞ իր ազատությունը:
Մելի մասին: Մելը սովորական մարդ է՝ ինչպես դուք, ես, բոլորը: Մելը մեղավոր չէ, որ նրա մարմնի ներքին և արտաքին բովանդակություններն ի ծնե չեն համընկել: «Մելը վատն է, Մելի նմանները այլասերված են... ». սրանք ձեր ընկալումներն են: Իսկ մեկը ձեզ հարցրե՞լ է ձեր սեռական նախասիրությունների մասին: Պատկերացնո՞ւմ եք, որ որևէ մեկը ձեզ կոչեր այլասերված, որովհետև իրեն դուր չի գալիս այն, ինչ դուր է գալիս ձեզ: Կամ երբ դուք գնում եք խանութ հաց գնելու, հարցնո՞ւմ եք, թե այդ հացը ո՞վ է թխել, սեռական ի՞նչ կողմնորոշում ունի: Չեք հարցնում: Ձեզ համար բավական է այն, որ հացը որակով լինի:
Վերջում՝ իմ հարգելի գործընկերներին: Սիրելի լրագրողներ, խնդրում եմ ավելի հաճախ գրեք արվեստի մասին, քաղաքական բախումները ժամանակավոր են, մշակույթը՝ մնայուն»: