Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը երաժշտական աշխարհում սահմանում է նոր նշաձող

140
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 18:05
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը երաժշտական աշխարհում սահմանում է նոր նշաձող

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի համերգներից երկրորդը նվիրված էր չինացի մեծ կոմպոզիտոր Ցիգան Չենին։ Նրա երաժշտությունը Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրին ջութակահար Նին Ֆենը՝ կատարելով «Տառապանքի հաճույքը» վերնագրված ջութակի կոնցերտը, և դաշնակահար Ռեմի Ժընիեն՝ ներկայացնելով Ցիգան Չենի Դաշնամուրի կոնցերտը՝ «Էր Հուանգ»։ Նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց նաև «Հեռացում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։

Ցիգան Չենի երաժշտությունը Հայաստանում հնչում էր առաջին անգամ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նկատեց, որ թեև մեր երկրում չինացի ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործությունը հնչում է առաջին անգամ, սակայն նա շատ հայտնի և պահանջված կոմպոզիտոր է Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Նրա գործերը տպագրում են լավագույն հրատարակիչները, և այդ ստեղծագործություններն աշխարհում անընդհատ գտնվում են շրջապտույտի մեջ։ Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը շատ լավ մեկնաբանվում է եվրոպական և ասիական հարթակներում, կան շատ հետաքրքիր արձագանքներ։ Եվ կարևոր է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողանում է կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնցով երաժշտական աշխարհում սահմանում է նոր նշաձող։

Ջութակահար Նին Ֆենը բարձր է գնահատում և՛ ժամանակակից կոմպոզիտորներին նվիրված փառատոնը, և՛ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Շատ պրոֆեսիոնալ և բարձր ստանդարտների համապատասխանող կոլեկտիվ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Այս փառատոնը միանգամայն նոր է, բայց ամեն ինչ շատ մանրակրկիտ կերպով է կազմակերպված։ Այնպես որ՝ ֆանտաստիկ աշխատանք է կատարվել»,- ասաց Նին Ֆենը։

Դաշնակահար Ռեմի Ժընիեն, ներկայացնելով Ցիգան Չենի Դաշնամուրի կոնցերտը, որը նա կատարեց երևանյան ունկնդիրների համար, նշեց, որ այն հետաքրքիր չինական նրբերանգներ ունի, բայց միաժամանակ ընդգծեց, որ այդ կոնցերտի մեջ ինքը նկատում է նաև ֆրանսիական երաժշտության տարրեր, քանի որ կոմպոզիտորը Չինաստանում երաժշտական կրթություն ստանալուց հետո տեղափոխվել և ուսումը շարունակել է Ֆրանսիայում, ինչն իր կնիքն է թողել նրա արվեստի վրա։ Այնպես որ, ըստ Ռեմի Ժընիեի, «Էր Հուանգ» դաշնամուրի կոնցերտը չինական և ֆրանսիական երաժշտության հետաքրքիր միաձուլում է։