Վիրտուոզ մենակատարներ Մարիո Բրունելոն և Շուշան Սիրանոսյանը ելույթ կունենան Երևանում
![]() Նոյեմբերը կմեկնարկի դասական երաժշտության բարձրարժեք համերգների շարքով‚ որը ներկայացնում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Հայաստան են հրավիրված աշխարհում մեծ ճանաչում վայելող և դասական երաժշտության ներկան կերտող լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը։ Նոյեմբերի 1-ին «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կբացվի ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկոյով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի Մանսուրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի թիվ մեկ կոնցերտը‚ Թավջութակի կոնցերտը և չորս հատված «Ձյունե թագուհին» բալետից։ Այս գործերը Երևանում կհնչեն աշխարհահռչակ մենակատարների՝ իտալացի վիրտուոզ թավջութակահար Մարիո Բրունելոյի և ֆրանսահայ ջութակահար Շուշան Սիրանոսյանի մեկնաբանմամբ‚ արտիստներ‚ որոնք հանդես են գալիս ամենահայտնի համերգասրահներում‚ որոնց ծափահարում է ամանաքմահաճ հանդիսատեսը։ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Մարիո Բրունելոն աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից է։ Նա նվագել է ամենահեղինակավոր նվագախմբերի՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ‚ Մյունխենի ֆիլհարմոնիկ‚ Ֆրանսիայի ազգային‚ բազմաթիվ այլ կոլեկտիվների հետ և ամենահայտնի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի‚ Զուբին Մեթայի‚ Ռիկարդո Մուտիի‚ Կլաուդիո Աբադոյի ղեկավարությամբ։ Մարիո Բրունելոյին համարում են նաև նորարար արտիստ կատարողական արվեստում։ Երաժշտության ներկայացման դասական ձևերից բացի‚ նա բարձր արվեստը մատուցում է նոր ձևաչափերով՝ ավելի ու ավելի մեծ թվով ունկնդիրների գրավելով դեպի դասական աշխարհ։ Նոյեմբերի 1-ին մանսուրյանական երաժշտությունը կհնչի մեկ այլ վիրտուոզ երաժշտի՝ ֆրանսահայ մեր հայրենակից Շուշան Սիրանոսյանի կատարմամբ։ Շուշան Սիրանոսյանը որպես մենակատար և կոնցերտմայստեր հրավիրվում է տարբեր նվագախմբերի կողմից։ Նրա կատարումներով ձայնասկավառակներն արժանացել են բազմաթիվ մրցանակների։ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը եզակի հնարավորություն է ունկնդիրների համար վայելելու ամենահայտնի կոմպոզիտորների և աշխարհահռչակ կատարողների ներկայությունն ու ծանոթանալու նրանց արվեստին։ Նշենք, որ փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
