Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

274
Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ., 00:30
Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում իրականացվեց լայնամասշտաբ համերգային ծրագիր, որը նվիրված էր մեծանուն Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Երեկոյին փայլուն կերպով հանդես եկավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ երգչախումբն արտերկրի ունկնդրին ներկայացրեց հանճարեղ կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը:

Պատմական այս համերգին որպես մենակատարներ հանդես եկան Նվարդ Ալոյանը (դաշնամուր), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն):

«Կոմիտասը մարդկային բացառիկ հատկանիշների կրող էր։ Որպես հայկական ազգային երաժշտության դպրոցի հիմնադիր՝ նա իր սեփական ոճն էր կերտել, որը յուրահատուկ է համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Նրա ստեղծագործությունների հետազոտությունը կարևոր է ոչ միայն հայկական, այլև մյուս ազգերի երաժշտության ուսումնասիրության համար։ Կոմիտասը մեծ աշխատանք է իրականացրել տարածաշրջանին հատուկ մեղեդիները հավաքագրելու և համեմատելու գործում։ Նա ներդրել է այսպես կոչված «երաժշտական բարբառներ» երևույթը՝ ցույց տալով, թե ինչպես է միևնույն մեղեդին մատուցվում տարբեր շրջաններում։ Այսօր Կոմիտասի խմբերգային, վոկալ և դաշնամուրային գործերը ընդգրկված են շատ հայ երաժիշտների երգացանկում։ Նրա յուրահատուկ ստեղծագործությունների նկատմամբ օտարերկրացի կատարողների հետաքրքրությունը նույնպես գնալով մեծանում է։ Այդ մարդկանց թիվը մեծ է՝ Ֆրանսիայից Ճապոնիա, ԱՄՆ-ից Ռուսաստան»,- Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին իր ելույթում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով ևս պատմական համերգի ականատեսն էր:

Հավելենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Վարդապետի հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվեց հոգևոր երաժշտության համերգ: