Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Ինչպե՞ս հաղթել Եվրոտեսիլում». Լիլիթ Բլեյան

609
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 10:35
«Ինչպե՞ս հաղթել Եվրոտեսիլում». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպե՞ս հաղթել Եվրոտեսիլում.

- Մոռանալ, որ սա մեկ երգի և մեկ երգչի մրցույթ է:
- Կազմակերպել ներքին մրցույթներ՝ առանց գլամուրային թիթիզությունների՝ առավելագույնս ներառելով բոլոր հնարավոր ժանրերը, տարիքային խմբերը, պոկվել մեզ ուտող ստանդարտներից ու ֆորմատներից:

- Հանրայինի և Եվրոտեսիլի հսկա օնլայն ռեսուրսներն օգտագործել ոչ թե ամեն տարի միայն մեկ, թեկուզ՝ իրոք տաղանդավոր կատարողի փրոմոուշնի համար, այլ՝ բազմաթիվ երգահանների, կատարողների, գործիքավորողների, երաժիշտների խմբերի:

- Եվրոտեսիլյան մրցույթն սկսվում է մայիսից շատ ամիսներ առաջ, և երաժշտական աշխարհի ուշադրությունը յութուբային, բլոգային տարածքներում ուղղվում է դեպի պոտենցիալ մասնակիցները։ Եվրոտեսիլի հեշթեգի տակ դրվող ելույթները շանս են ստանում՝ տարածման, ճանաչման, հանդիսատես գրավելու։ Մեր հանրայինը (մեր բոլորի հեռուստատեսությունը) կարող է լցնել այդ դաշտը բազմաթիվ անուններով, շանս տալ շատերին, բացել տեղական ու միջազգային հանդիսատեսի դուռը մեր ամենատարբեր ստեղծագործ երաժիշտների առաջ։ Արդեն տեսանք, որ ոչինչ չի երաշխավորում ֆորմալ հաղթանակ՝ ո՛չ ձայնը, ո՛չ կատարողական վարպետությունը։ Ուրեմն հաղթանակը պետք է այլ տեղում փնտրել։

Եվ այսպես՝ ինչպե՞ս հաղթել այս մրցույթում.

- Համարել, որ Եվրոտեսիլին մեր մասնակցության նպատակը հենց մասնակցությունն է, բայց ոչ թե մի հատիկ մասնակցի, այլ՝ լայն մասնակցությունը՝ երկրի ներսում։ Հենց որ մենք կարողանանք ապահովել գրագետ, հետաքրքիր, լայն ներառմամբ ներքին մրցույթներ, համարեք, որ Եվրոտեսիլում հաղթել ենք, քանի որ Եվրոտեսիլը ծառայեցրել ենք մեր ներքին երաժշտական կյանքի զարգացմանը և բազմազանեցմանը։ Դա կարող է լինել խնդիր, որի համար ափսոս չեն լինի հանրային ռեսուրսները։ Դա կլինի իրական հաղթանակ, որը կախված կլինի միայն մեզնից, ու ոչ՝ ինչ-որ անհասկանալի քվեարկությունից։

Հ.Գ. Իսկ Սրբուհին, իհարկե, հրաշալի երգչուհի է»: