Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Որոշել էին պահել, օտարել, կամ ուտել հավանաբար». Լևոն Բարսեղյան

283
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 22:45
«Որոշել էին պահել, օտարել, կամ ուտել հավանաբար». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք մեզի համար հացուսոխ կուդեինք...

Շիրակի երկրագիտական թանգարան ՊՈԱԿ-ը, որ 30 տարի ավերակ մի տան մեջ էր տեղավորված, պահեստ էր դառել, ցուցասրահի հնար չուներ: Այդ թանգարանը ֆանտաստիկ հավաքածու ունի: 2012-ից Գյումրու ավագանուց ուղերձներ ենք հղել կառավարությանն ու նախարարությանը, որ Գյուլպենկյանի անվան հիվանդանոցի դատարկ շենքը թանգարանին տան, լենուբոլ կարողանա աշխատել: Հիվանդանոցը տեղափոխվել էր նորակառույց Գյումրու բժշկական կենտրոն: Բոլոր դիմումներս ու ուղեձներս մերժվում էին «...կառավարությունը նպատակահարմար չի գտնում ...» ջրալի տեքստերով: Որոշել էին պահել, օտարել, կամ ուտել հավանաբար: Այդպես դատարկ մնաց մոտ 6 տարի ու մանրից ավերվում էր:

Անցած տարի՝ մայիսի վերջին Մակունցին գրեցի, պատմեցի այս ամենը, խնդրեցի ուսումնասիրել թանգարանին այդ շենքը հատկացնելու հնարավորությունը: Հաշված օրեր անց սկսվեց այդ շենքը թանգարանին հատկացնելու գործընթացը, վերջը կառավարության որոշմամբ այն հանձնվեց թանգարանին: Բոլորս ուրախացանք: Նախարարությունը դրամահավաք կազմակերպեց, մշակութային բոլոր ՊՈԱԿ-ները այս շենքի նորոգման ու հարմարեցման համար փող հավաքեցին, իրենց հասույթներից մասհանումներ արեցին, նախագծում էին պատրաստում:

Հիմա ուշադրություն. ուրեմն դեռ չտեղափոխված, իմանում եմ, որ այդ շենքը ինչ-որ բուհի հատկացնելու խոսակցություներ են ծավալվում կառավարական կամ նախարարական կուլիսներում, չգիտեմ ինչ լոբբիներ են աշխատում: Համարձակվում եմ պնդել, որ ես պատահական բաներ վաղուց չեմ իմանում:

Ես դեռ չգիտեմ, թե ով է որոշել զվարճանալ մեր համեստ կեցության և անհամեստ բանականության վրա, բայց պատմությունից հայտնի պիտի լինի, որ մեզ վրա կայֆավատ լինել կամեցողների հետ վարվում ենք այնպես, որ մեր քաղաք գալու համար կարիք են ունենում թունել փորել ու էդ թունելը մինչև հասնում է Դավթաշենի տակները, գալու հավեսները փախնում է, ապա հրաժարականն է լինում փրկությունը: Դրանից հետո էլ չեն կարողանում գալ: Ես առաջին անգամ դժվարություն ունեմ նկարագրելու կատաղությունս, ներողություն:

Այս խնդիրը փոխանցում եմ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին՝ ակնկալելով բացառիկ ուշադրություն և թանգարանի շահերի հետևողական պաշտպանություն: Սպասում ենք նախկին հիվանդանոցը թանգարանի կարիքներին հարմարեցնելու նախագծման հրատապ և անհետաձգելի աշխատանքներին:

Հ.Գ. Մինասի 4 որմնակարները, որ Գյումրուց տարիներ առաջ տարվեցին Երևան՝ նորոգման և փրկության պատրվակով, չենք մոռացել, 10 դիմում եմ գրել ու 9 անգամ մերժվել: Հիմա 10-րդ դիմումիս պատասխանին եմ սպասում: Ավելի ճիշտ, որմնանկարների վերադարձին եմ սպասում, ու ահագին մարդ է սպասում: Դե բա կործանվող քաղաքին ինչ պետք էր որմնակարը, գնացեք ձեր դոմիկների մեջ սատկեք, պրծնենք ձեզնից. մոտավորապես սա էր չհայտարարված պատճառաբանությունը էն ժամանակ: Հիմա «էն ժամանակը չէ», ուրուշ ժամանակ է արդեն, ինչպես հայտնի է:

Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ»: