Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Առողջապահության նախարարությունը դիմում է ՀՀ քաղաքացիներին

462
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 23:05
Առողջապահության նախարարությունը դիմում է ՀՀ քաղաքացիներին

ՀՀ առողջապահության նախարարությունը դիմում է ՀՀ քաղաքացիներին. «Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն: Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ շնորհիվ մեր երկրում պատվաստումների հաջող գործընթացի: Աշխարհում դիտվում է նաև դիֆթերիայի հետվերադարձ բռնկումների տեսքով՝ ուղեկցվելով մահվան դեպքերով:

Առողջապահության նախարարությունը խիստ դատապարտում է երկրի համաճարակային իրավիճակի ապակայունացմանն ուղղված յուրաքանչյուր փորձ: Շրջանառվող ապատեղեկատվությունը և ասեկոսեները կարող են նպաստել բնակչության շրջանում վախի և անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու խորացմանը, որը հղի է լուրջ հետևանքներով և կարող է վտանգել տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը՝ դրանով իսկ սպառնալով յուրաքանչյուր երեխայի և անձի առողջությանը:

Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ Առողջապահության նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում այս իրավիճակի վերաբերյալ և կոչ է անում՝դադարեցնել պատվաստումների վերաբերյալ, այդ թվում՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ, անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց՝ հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա:

ՀԻՇԵՔ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ»