Սաթին՝ «Դեպի մանկական Եվրոտեսիլ» մրցույթի ու նոր տեսահոլովակի մասին
697
Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ., 23:35
10-ամյա երգչուհի Սաթին 01 համարի ներքո օրեր առաջ ելույթ ունեցավ «Դեպի մանկական Եվրոտեսիլ» մրցույթում: Թեև նա դուրս մնաց երկրորդ կիսաեզրափակչից, սակայն դա չխանգարեց նրան, որ նոր, ավելի հաստատուն քայլերով առաջ գնա և նոր բեմեր գրավի: Սաթին Անկախության տոնին ընդառաջ ներկայացրել է իր երկրորդ տեսահոլովակը: MAMUL.am-ի թղթակիցը Սաթիի հետ զրուցել է մրցույթի և առաջիկա անելիքների մասին: - Սաթիʹ, պատմիր մրցույթում քո մասնակցության և տպավորությունների մասին: - «Ինչպես բազմաթիվ հեռուստադիտողների, այնպես էլ ինձ սատարող ընկերներիս, հարազատներիս ու մտերիմներիս համար ես իմ խոստումի համաձայն ունեցա տպավորիչ, վառ ու գունավոր ելույթ: Անկախ ամեն ինչից նախագծից ես պատվով դուրս եկա, որը ամենամեծ հաղթանակն էր ինձ համար: Ամենատպավորված պահն այն էր, երբ անունդ չկա ընտրված 5-յակի մեջ, թեև ամենավերջում նորից հնչեց իմ անունը: Ճիշտ է շփոթմունք էր, բայց դա խոսում է ելույթիս տպավորիչ լինելու մասին: Չեմ կարող չնշել, որ նախագիծը նոր ու լավ ընկերներ ձեռք բերելու հնարավորություն տվեց ինձ: Աշխատեցի պրոֆեսիոնալ թիմերի հետ, մեծ փորձ ձեռք բերեցի: Ուղիղ եթերում, կենդանի ձայնով ելույթ ունեցա: Մրցույթին մասնակցելը նաև ավելի ճանաչված դառնալու հնարավորություն տվեց, ինչի համար շնորհակալ եմ մրցույթի ստեղծագործական թիմին և բոլոր նրանց, ովքեր օգնեցին իմ ելույթն ամբողջական դարձնել (Նիկ Եգիբյան, Լիլիթ Բադալյան, Արթուր Մանուկյան, Վիկա Մարտիրոսյան, Արմեն Գալյան, Էդուարդ Մաթենցյան, Մհեր Սարգսյան), կիսաեզրափակչի 01 համարի մասնակիցը երբեք չի մոռանա ձեզ և բոլոր նրանց ովքեր քվեարկել են իր օգտին»: - Սաթիʹ, մի փոքր ներկայացրու՝ ինչի՞ մասին է նոր երգդ և տեսահոլովակդ, ինչպե՞ս ստեղծվեց այն: - Երգի գաղափարը ծնվել էր դեռ հեղափոխության օրերին, բայց ցանկացա այն իմ հետևողներին ներկայացնել Անկախության օրվան ընդառաջ: «Հայաստան սիրո երկիր», այսպես ենք վերնագրել երգը, որը, վստահ եմ, ժամանակի ընթացքում նույնքան սիրված կդառնա, ինչքան նախորդները: Երգի երաժշտության հեղինակը Լիլի Գրիգորյանն է, խոսքերի հեղինակը՝ Արմինե Բոյաջյանը, ով իմ՝ թվով երրորդ երգի խոսքերի հեղինակն է, ինչպես նաև միշտ իմ կողքին է, անկախ նրանից կապ ունի այդ նախագծի հետ, թե ոչ: Իսկ տեսահոլովակի հեղինակը Գրիգոր Դավթյանն է, գործիքավորողը՝ Դավիթ Ջավադյանը: Աշխատանքում ներգրավված են նաև երաժիշտներ Սիրակ Մկրտչյանը և Ավագ Մարգարյանը»: -Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունես: - Ունեմ ևս մեկ երգ, որը կոչվում է «Շնորհավոր: Երգի հեղինակը Գրիգոր Կոկչյանն է: Այն գրեթե պատրաստ է, բայց ուզում եմ կրկին տեսահոլովակի տեսքով ներկայացնել: Շարունակում ենք համագործակցությունը նաև Նիկ Եգիբյանի հետ: