Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ցանկանում էինք անակնկալ մատուցել «Մակքաբի»-ին». Անդրեյ Տալալաև

377
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 22:25
«Ցանկանում էինք անակնկալ մատուցել «Մակքաբի»-ին». Անդրեյ Տալալաև

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Մակքաբի»-ի դեմ պատասխան խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մենք ծաղկող ակումբ ենք, որը նախորդ տարի Եվրոպայի առաջին խաղում պարտվել էր 1-9 հաշվով։ Մենք հասկանում ենք, որ հաջողություն ենք գրանցել այս տարի և առաջին խաղում վատ չխաղացինք այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Մաքքաբին» է։ Մեզ համար անակնկալ չէր թիմի հաջողությունները։ Մենք թիմ ենք հավաքել և վերջին ամիսներին մեր առաջ նպատակ ենք դրել լավ խաղալ հենց եվրագավաթներում։ Ցավոք սրտի մենք չենք կարողանում սկսել մեր մրցելույթները Հայաստանի առաջնությունում։ Չգիտեմ, թե ինչն է պատճառը։ Մենք ցանկանում էինք անակնկալ մատուցել «Մաքքաբիի» համար՝ նոր մարտավարություն փորձարկելով։ Բայց ամեն դեպքում, մենք հուսով ենք լավ խաղ ցուցադրել։ Բացի այդ, կարելի է արդեն ֆիքսել, որ մեր վստահությունն աստիճանաբար ավելանում է։ Առաջ, եթե մտածում էինք պաշտպանության մասին, հիմա արդեն տղաներն առաջարկում են 3 հարձակվողով խաղալ։

Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Մակքաբիին» և նրա մարզչին, քանի որ առաջին խաղում նրա յուրաքանչյուր որոշմանը մենք փորձում էինք դրա հակառակ տարբերակով պատասխանել։ Ինչպես որ նա մեր որոշումներից հետո էր անում։ «Մակքաբիում» ամեն ինչ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա է։ Առաջին խաղում ես նույնիսկ նկատեցի, թե ինչպես է «Մակքաբիի» գլխավոր մարզիչը ականջակալով խորհրդակցում իր օգնականի հետ, ով տրիբունայից նորագույն տեխնոլոգիաների միջոցով հայտնում էր թիմի ֆուտբոլիստների կատարած աշխատանքի մասին։ Ցավոք սրտի, մենք դեռ նման միջոցներ չունենք և բավարարվում ենք նրանով, ինչ ունենք։

Ֆուտբոլում անակնկալներ չեն լինում։ Եթե թիմին լավ պատրաստես, ապա անակնկալ չի լինի։ Ես իմ թիմի խաղն եմ վերլուծում։ «Մակքաբիի» խաղը թող «Մակքաբիի» մարզիչը վերլուծի։

Առաջին խաղը դիտարժան ստացվեց, բայց դիտարժան խաղը հանդիսատեսի համար է լավ։ Մարզչի համար այնքան էլ լավ չէ, երբ այդքան շատ պահեր են լինում։ Առաջին խաղն ավարտվեց 0-0 հաշվով, բայց ես չէի ասի, որ դա փակ խաղ էր։ Վաղվա խաղում, կարծում եմ, թիմերն ավելի զգուշավորեն կլինեն։ Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ «Փյունիկ»-ը Հայաստանի վերջին հույսն է, ապա ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ։ Ճիշտ է, «Ալաշկերտ»-ը պարտվել է առաջին խաղում, բայց ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է։