Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Եվս մեկ համերգ Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի շրջանակներում

516
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 17:35
Եվս մեկ համերգ Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի շրջանակներում

2017 թվականի հունիսին մեկնարկած Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա փառատոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ է համախմբում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողների: Մեկնարկից ի վեր փառատոնն արդեն իսկ հասցրել է հյուրընկալել շուրջ 40 երաժիշտների ավելի քան 15 երկրներից:

Հայաստանն աշխարհում այն բացառիկ երկրներից է, որտեղ անց է կացվում բացառապես փողային գործիքների փառատոն, այդ իսկ պատճառով մեծ է հետաքրքրությունը, ինչպես երաժիշտներն են նշում, փառատոնի և մասնավորապես Հայաստանի հանդեպ: Հատկանշական է այն փաստը, որ փառատոնը կրում է հենց Ալեքսանդր Հարությունյանի անունը, որի համաշխարհային համբավը խթանում է փառատոնի ճանաչմանը արտերկրում: Փառատոնի նպատակն է աշխարհի տարբեր դպրոցների փորձը մեկտեղել և ստեղծել փորձի փոխանակման մեծ հարթակ: Կարևոր է նաև նշել, որ փառատոնի շնորհիվ աշխարհին առավել ճանաչելի է դառնում հայկական մշակութը: Փառատոնը չի սահմանափակվում Երևանյան համերգասրահներով և նպատակ է հետապնդում համերգային ծրագրերում ընդգրկել Հայաստանի բոլոր մարզերը և Արցախը: Դրա վկայությունն էր հունիսի 13-ին Բյուրական արվեստի ակադեմիայում կայացած համերգը: Ինչպես նաև ծրագրվում են համերգներ արտերկրում: Փառատոնի առանձնահատկություններից է նաև համերգների ընթացքում հնչող համաշխարհայաին պրեմիերաները, որով ծնունդ են առնում աշխարհահռչակ երաժիշտների անհայտ գործերը:

Այս տարի կայացած փառատոնի երկրորդ եթերաշրջանի շրջանակներում հուլիսի 15-ին տեղի կունենա ևս մեկ համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում: Շվեյցարական Ալտշետեն փողային նվագախմբի և աշխարհահռչակ իսպանացի շեփորահար Ռուբեն Սիմեոյի կատարմամբ կհնչեն Ալ. Հարությունյանի Շեփորի կոնցերտը, Օ. Վաեսպիի Դիվերտիմենտոն, Ա. Շոուի Կլարնետի կոնցերտը և այլն:

Համերգի նախօրեին նվագախմբի 70 երաժիշտների նվագակցությամբ կանցկացվի քայլերթ դեպի Արամ Խաչատրյան համերգասրահ, որի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից ժամը 18:15-ին: