Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.

«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան

62
Այսօր, 15:06
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ինձ նամակներ է ուղարկել՝ կապված սեպտեմբերի 15-ի իմ հրապարակման հետ՝ սպառնալով դատական հայց ներկայացնել իմ դեմ և նշելով, որ՝ «2026 թվականի սեպտեմբերի 15-ին Ձեր ֆեյսբուքյան էջում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) և տնօրեն՝ Արմեն Բեգոյանի վերաբերյալ հրապարակել եք մտացածին, սուտ, զրպարտություն և անհիմն մեղադրանքներ (սուտ մատնություն) պարունակող հետևյալ նյութը՝ «Սա է իրական Հայաստանը, 2020 թվականից քո դեմ (Արմեն Բեգոյանի) հարուցված քրեական գործը դեռևս բաց է, սակայն քեզ թույլատրվում է ղեկավարել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը», արտահայտություն, որը բացահայտ սուտ է և զրպարտություն, քանի որ Արմեն Բեգոյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի եղել հարուցված՝ ինչի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է, նաև Դուք լավ տեղյակ եք, սակայն անհասկանալի պատճառներով նորից ապատեղեկատվություն եք տարածում»։
Ես նպատակ չեմ ունեցել զրպարտել պարոն Բեգոյանին, ուստի այժմ մանրամասն պարզաբանում եմ, թե կոնկրետ որ քրեական գործին էի անդրադառնում։ Քրեական գործը վերաբերում էր կանաչապատում ՀՈԱԿ-ի հետևյալ քրեական վարույթին՝ «04.09.2020թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթով: Հետևյալ տեսանյութում ներկայացված են նրա՝ որպես տնօրեն, ենթադրյալ քրեական բնույթի խախտումները: Ես ունեմ Քննչական կոմիտեի կողմից 2024 թվականի նոյեմբերին տրամադրված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ «Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։ Հստակեցնեմ՝ քրեական գործը վերաբերում է «Կանաչապատում» ՀՈԱԿ-ում այն ժամանակահատվածում տեղի ունեցած գործողություններին, երբ պարոն Բեգոյանը տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն մեղադրանքն անմիջականորեն պարոն Բեգոյանին առաջադրված չէ։
Ես նաև խնդրել եմ պարոն Բեգոյանին ներկայացնել նոր ապացույցներ, եթե այս քրեական գործը կարճվել է։ Այդ դեպքում ես պատրաստ եմ ամբողջությամբ հետ վերցնել քրեական գործի բաց լինելու վերաբերյալ իմ հայտարարությունը։ Սակայն նա այդպես էլ չի ներկայացրել անհրաժեշտ ապացույցները»։

Աղբյուրը`   Պեդրո Զարոկյան