«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
74
Այսօր, 16:54
Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ՀՈԳԵՎՈՐՍՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱԿԱՐԴ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ. Համացանցում տարածվում է արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ «հայր սուրբի» կերպարով տեսանյութ, որտեղ մարդկանց համոզում են, որ Աստծուն կարելի է մոտենալ նաև առանց եկեղեցի հաճախելու։ Այնուհետև հնչում է գլխավոր առաջարկը. «Մենք անվճար առցանց Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ ենք ստեղծել այն Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների համար, ովքեր չեն կարող հաճախ եկեղեցի գնալ։ Սեղմիր WhatsApp-ի կոճակը և միացի՛ր մեզ»։ Սիրելի՛ հավատացյալներ, մի՛ հավատացեք։ Տեսանյութում ներկայացված «հայր սուրբը» արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ կերպար է, ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցու իրական հոգևորական։ Նրա խոսքը մի՛ ընդունեք որպես Մայր Եկեղեցու ուսուցում կամ պաշտոնական հրավեր։ Ինչո՞ւ է անհայտ կրոնական նախաձեռնությունը հատուկ դիմում Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալներին՝ օգտագործելով հոգևորականի կեղծ հեղինակությունը։ Սա հոգևորսության լուրջ վտանգ պարունակող թակարդ է, որի միջոցով հնարավոր է ՀԱՍԵ որոշ զավակներին աստիճանաբար հեռացնել իրենց Մայր Եկեղեցուց և ներգրավել անհայտ կրոնական խմբերի մեջ։ Սուրբ Գրքի առցանց ուսումնասիրությունը ոչ մի կերպ չի կարող փոխարինել Սուրբ Պատարագին, Սուրբ Հաղորդությանը և Եկեղեցու խորհրդական կյանքին։ Իսկ եկեղեցի հաճախել չկարողացող հավատացյալը պետք է պահպանի կապն իր հոգևոր հովվի հետ։ Սա արդեն համակարգված և հետևողական բնույթ է ստանում։ Միգուցե ժամանակն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես արձագանքի այս երևույթին, հերքի նման նախաձեռնությունների առնչությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ և զգուշացնի հավատացյալներին կեղծ հոգևորականների միջոցով իրականացվող հոգևորսության վտանգի մասին։ Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք անհայտ WhatsApp խմբերի հրավերները և մի՛ թույլ տվեք, որ ձեր հավատքն օգտագործվի ձեզ Մայր Եկեղեցուց հեռացնելու համար։ Տարածե՛ք այս զգուշացումը՝ մյուս հավատացյալներին ևս հնարավոր հոգևորսությունից պաշտպանելու համար»։