Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան

84
Այսօր, 01:06
«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Երբ արյունը ջուր է դառնում, այլևս ոչ մի սրբություն արժեք չի ունենում։
2026-ի հունիսին, երբ Գեղարքունիքի մարզի Լիճքի գյուղապետը խուլիգանական հարձակում գործեց եղբորս վրա՝ ընտրական գործընթացների պատճառով, ես սկզբում կարծում էի, թե կիսագրագետ տղա է, բռունցքը ուղեղից առաջ է ընկել։ Կարծում էի, օրենքով կպատժվի, այլապես եթե օրենքը անկարող լինի, բարոյական պատժի հնարավորություն միշտ ունենք։
Հետագա շաբաթների ընթացքում, երբ նույն այդ գյուղապետի և նրա ընտանիքի անդամների կողմից տեսանք առերևույթ ցինիզմ և անպատժելիության համոզմունք, կարծում էի, թե անգրագետ մարդկանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահում է, ինչը հատուկ է ՔՊ-ի բոլոր մանր չինովնիկներին։
Աշնանը, սակայն, համոզվեցի, որ Լիճքի գյուղապետի բոլոր այդ արարքների հետևում պետական բարձր պաշտոնյայի՝ Գնել Սանոսյանի առերևույթ հովանավորչությունն է։
Լիճքի՝ դեռևս գործող գյուղապետը քննչական կոմիտեում և դատարանում անհերքելի փաստերի առկայությամբ ստիպված է եղել ընդունել իր մեղքը, ինչից հետո ՏԿԵՆ նախկին նախարար, այժմ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ Գնել Սանոսյանն այդ տղայի նկատմամբ հատուկ, ցուցադրական հովանավորչություն է իրականացնում։
Որպեսզի պատկերացնեք, թե ինչու է արյունը ջուր դառնում, ասեմ, որ Գնել Սանոսյանը եղբորս հարազատ քեռու տղան է (բնականաբար, նաև՝ իմ):
Օրինակ, եթե իմ շունը հարձակված լիներ Գնել Սանոսյանի վրա, առավել ևս կծած լիներ նրան, ես ոչ թե շանս գլուխը կշոյեի, այլ նախ պատժեի, կբարկանայի վրան, կատաղության դեմ ստուգել կտայի, ապա ինքս կգնայի Գնելի մոտ, կփորձեի հասկանալ, թե արդյո՞ք շատ չի վնասվել նա, չէի ամաչի ներողություն խնդրել՝ հաշվի չառնելով, որ մենք գաղափարական տարբեր դիրքերում ենք՝ ինքն իշխանական է, ես՝ ընդդիմադիր։ Անկախ ամեն ինչից, Գնել Սանոսյանը շարունակելու էր լինել իմ եղբայրը, ում կրած ցավը նաև իմ ցավն էր լինելու։
Նախկինում դեպքեր եղել են, երբ ես իմ ընդդիմադիր կողմնակիցներին մերժել եմ Գնել Սանոսյանի դեմ որևէ քաղաքական, հրապարակային կամ իրավական քայլ անել՝ հաշվի առնելով, որ նա իմ մոտ ազգականն է։ Դրա պատճառով նույն ընդդիմադիր դաշտից որոշ մարդկանց կողմից եղել են ինձ ուղղված մեղադրանքներ, թե Գնել Սանոսյանին պաշտպանում եմ, իսկ ես փորձել եմ բացատրել, որ իմ արյունը ջուր չի դառնում, չեմ կարող բարոյապես ոչնչացնել մի մարդու, ում հետ միասին մանկություն եմ ունեցել, նույն ափսեից ճաշ եմ կերել եղբոր պես։
Ու հիմա այդ «եղբայրը» աջակցում է, ոգևորում է, տեր է կանգնում մի մարդու, ով խուլիգանական հարձակում է գործել ավագ եղբորս վրա, այն եղբոր վրա, որը անքննարկելի հեղինակություն ու մեծ ախպեր էր հենց նաև Գնելի համար՝ մինչև իր պաշտոն ստանալը։
Օրերս Լիճքում մեր ազգականի մի տխուր արարողության ժամանակ, որտեղ նաև ես ու եղբայրս էինք ներկա, նույն Գնել Սանոսյանը ցուցադրաբար, թևանցուկ ու բարձր ծիծաղով շրջում էր Լիճքի հանցագործ գյուղապետի հետ՝ փորձելով հնարավոր ամեն կերպ ցույց տալ, որ ինքն է հովանավորում այդ մարդուն։
Լիճքի բազմաթիվ բնակիչներ մոտենում էին մեզ ու հարցնում, թե հաստա՞տ Գնելը մեր ազգականն է։ Մեր դրական պատասխանից հետո ասում էին՝ չէ, նա ձեր ազգականը չէ, ազգականն էդպիսի պիղծ բան չի անի, գոնե հիմա, գոնե ձեր ներկայությամբ ցուցադրաբար իր թևի տակ չի պահի մի մարդու, որը միտումնավոր հարձակում է գործել ձեզ վրա։
Բոլոր այս իրողությունները մեզ այն համոզման են բերել, որ եղբորս դեմ ընտրության գործընթացի ժամանակ խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը, իսկ Լիճքի գյուղապետ Սիրական Սիրականյանն ընդամենն առաջադրանք է կատարել»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան