Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին

91
Այսօր, 10:43
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին

Գիշերը ՌԴ Յարոսլավլի մարզը ենթարկվել է Ուկրաինայի կողմից հարձակման։ Մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը նախ հայտարարել է անօդաչու թռչող սարքերի, իսկ այնուհետև՝ հրթիռային հարձակման վտանգի մասին։ Թեև նահանգապետը չի հայտնել օդային հարվածի հետևանքների մասին, նա տեղեկացրել է, որ Յարոսլավլից դեպի Մոսկվա տանող ճանապարհահատվածներից մեկում երթևեկությունը դադարեցվել է։ Տեղի բնակիչների կողմից արված և Astra-ի ուսումնասիրած կադրերի համաձայն՝ հարձակման թիրախը եղել է Նովո-Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը («Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ»)։ Ձեռնարկությունը գտնվում է արդյունաբերական գոտում՝ այն տարածքի մոտակայքում, որտեղ սահմանափակվել էր երթևեկությունը։ Գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել։

«Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ»-ը Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Ձեռնարկությունը պատկանում է «Սլավնեֆտ» ընկերությանը, որը համատեղ՝ հավասար բաժնեմասերով, կառավարվում է «Ռոսնեֆտ»-ի և «Գազպրոմ»-ի կողմից։ Գործարանը տարեկան վերամշակում է մոտ 15 միլիոն տոննա նավթ և վառելիք է մատակարարում Կենտրոնական և Հյուսիսարևմտյան դաշնային շրջանների տարածաշրջաններին, այդ թվում՝ Մոսկվային և Մոսկվայի մարզին։