Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. Անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն ? ID քարտ. 3,000 դրամից դառնում է 5,950 դրամ (թանկացումը՝ +98.3%): Անձնագիր (կապույտ/կարմիր). 1,000 դրամից դառնում է 28,650 դրամ (թանկացումը՝ շուրջ 28.6 անգամ կամ +2765%): Ընդհանուր լրացուցիչ բեռը բնակչության վրա (ID + Անձնագիր). տարեկան շուրջ 4 ՄԻԼԻԱՐԴ դրամ, իսկ 10 տարում՝ ավելի քան 40 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ: Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող անձնագիր ստանալը քաղաքացու սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է, այլ ոչ թե կամավոր շքեղություն։ Սակայն անձնագրային ծառայությունների այս նոր սակագները գալիս են ապացուցելու հակառակը. պետությունը սեփական քաղաքացուն նայում է որպես լրացուցիչ եկամտի աղբյուրի։ Ի՞նչ է սա նշանակում թվերի լեզվով. 40 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ԲԵՌ Հայաստանում 16 տարեկանից բարձր չափահաս բնակչությունը կազմում է մոտ 2.4 միլիոն մարդ։ Անձնագրերի 10-ամյա գործողության ժամկետի պարագայում. ID քարտերից լրացուցիչ հավաքագրումը (2.4 մլն քաղաքացու հաշվով) 10 տարում կազմելու է շուրջ 7.1 միլիարդ դրամ։ Անձնագրերից լրացուցիչ հավաքագրումը (եթե բնակչության 50%-ը հանի նաև ճամփորդական անձնագիր) 10 տարում կազմելու է շուրջ 33.2 միլիարդ դրամ։ Արդյունքում՝ միայն փաստաթղթերի թանկացման հաշվին քաղաքացիների գրպանից տարեկան լրացուցիչ հավաքագրվելու է շուրջ 4 միլիարդ դրամ, իսկ 10-ամյա մեկ ամբողջական ցիկլում՝ հսկայական ավելի քան 40 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ։ Շոկային հարված՝ թոշակառուի մեկ ամսվա ապրուստին Ամենացավոտը սոցիալական արդարության բացակայությունն է։ Մեր երկրում, որտեղ նվազագույն թոշակը մոտ 45000-50000դրամ է, իսկ կառավարությունը հպարտանում է թոշակները 1,000 դրամով բարձրացնելով, մեկ անձնագրի համար 28,650 դրամ պահանջելը ուղղակի հարված է թոշակառուին։ Անձնագիր ստանալիս թոշակառուն ստիպված է հենց այդ ամսվա իր ապրուստից միանվագ վճարել ավելի քան 57%-ը՝ փաստացի այդ ամիս մնալով առանց հացի ու դեղորայքի գումարի։ Նույնիսկ ID քարտ ստանալու դեպքում նա ստիպված է իր այդ ամսվա միակ եկամտից միանվագ զոհաբերել մոտ 12%-ը (5,950 դրամ)։ 4 անձից բաղկացած ընտանիքի համար միայն ճամփորդական անձնագրեր հանելը 4,000 դրամի փոխարեն դառնում է 114,600 դրամ։ Սա շոկային ծախս է միջին վիճակագրական հայ ընտանիքի համար։ Եզրահանգում Պետական ծառայությունը չպետք է գործի բիզնեսի տրամաբանությամբ՝ ապահովելով գերշահույթներ։ Առանց սոցիալական արտոնությունների համակարգի ներդրման՝ նման կտրուկ թանկացումները ոչ այլ ինչ են, քան սոցիալապես անապահով քաղաքացիների և թոշակառուների հաշվին բյուջեի ճեղքերը փակելու փորձ»: