«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
75
Այսօր, 01:06
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «103 ՄԼՆ 997 ՀԱԶԱՐ 700 ԴՐԱՄ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ․ Ի՞ՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ Պարոն Նիկոլ Փաշինյան, հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ։ Կառավարության հոկտեմբերի 22-ի որոշմամբ վարչապետի աշխատակազմին վերաբերող երկու ֆինանսական գործողությունների ընդհանուր գումարը կազմում է 103 մլն 997 հազար 700 դրամ։ Դրանից 62 մլն 184 հազար 700 դրամը լրացուցիչ հատկացում է, իսկ 41 մլն 813 հազար դրամը՝ ՀԿ-ների աջակցության համար նախատեսված, բայց չօգտագործված միջոցների վերաբաշխում՝ աշխատավարձերի ու հավելավճարների համար։ Հիմա՝ հարցեր, որոնց պատասխանները հանրությունը պետք է ստանա։ 1. ՀԿ-ների աջակցության համար նախատեսված գումարը ինչո՞ւ չի օգտագործվել։ Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, ինչպե՞ս է կազմակերպվել դրա իրականացումը, ինչո՞ւ պայմանագրեր չեն կնքվել, և ո՞վ է պատասխանատու ծրագրի չիրականացման համար։ Մեր կազմակերպությունը տարիներ շարունակ ակտիվորեն զբաղվում է հանրային վերահսկողությամբ և քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, բայց երբևէ նման աջակցություն չի ստացել։ Ես չեմ պնդում, թե մեր ՀԿ-ն անպայման պետք է ֆինանսավորվեր։ Պահանջում եմ պատասխանել՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվում աջակցություն ստացող կազմակերպությունները, և ինչպե՞ս է ապահովվում դրանց հավասար կիրառումը։ 2. Ինչո՞ւ են աշխատավարձերի, հավելավճարների ու խրախուսումների համար լրացուցիչ գումարներ անհրաժեշտ։ Ինչպե՞ս են հաշվարկվել այդ ծախսերը, ի՞նչ չափանիշներով են գնահատվել աշխատակիցների կատարողականի արդյունքները, և ինչո՞ւ անհրաժեշտ գումարները նախապես բավարար չափով չէին նախատեսվել բյուջեում։ 3. Ինչո՞ւ է 40 մլն 544 հազար դրամ անհրաժեշտ արտասահմանյան գործուղումների համար։ Ո՞վ է մեկնելու, ի՞նչ նպատակով, և ի՞նչ կոնկրետ արդյունք է ակնկալվում այդ գործուղումներից։ 4. Ո՞ր շենքերի ու տարածքների բարելավման համար է նախատեսված ևս 21 մլն 640 հազար 700 դրամը։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու, ինչպե՞ս է հաշվարկվել դրանց արժեքը, և ինչո՞ւ այդ ծախսերը հնարավոր չէր նախապես նախատեսել։ Շենքերի բարելավումը կարող է անհրաժեշտ լինել, գործուղումները՝ հիմնավորված, աշխատակիցների խրախուսումները՝ օրինական։ Բայց ո՞վ է ստուգում դրանց անհրաժեշտությունն ու արդյունավետությունը։ Մի՞թե միայն գումար հատկացնելու որոշումն արդեն բավարար հիմնավորում է։ 5. Ինչո՞ւ է որոշման օրակարգում նշված՝ «գաղտնի՝ 2-րդ կետ»։ Ի՞նչ տեղեկություն է գաղտնի համարվել, ո՞ր իրավական հիմքով, և հնարավո՞ր է հրապարակել մնացած՝ չգաղտնի տեղեկությունները։ Պահանջում եմ այս հարցի վերաբերյալ ևս հստակ պարզաբանում։ Պարոն Փաշինյա՛ն, պետական բյուջեն կառավարության կամ վարչապետի աշխատակազմի անձնական միջոցները չեն։ Դրանք քաղաքացիների վճարած հարկերն են։ Հետևաբար հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչու է գումարը ծախսվում, ինչու է մի ծրագրից վերաբաշխվում մյուսին, ինչ արդյունք է ակնկալվում և ով է պատասխանատու այդ միջոցների արդյունավետ օգտագործման համար։ Վարչապետի աշխատակազմից ակնկալում եմ ոչ թե ընդհանուր հավաստիացումներ, այլ փաստերով, հաշվարկներով և փաստաթղթերով հիմնավորված պատասխաններ։ Հանրային վերահսկողությունը հարցեր է բարձրացնելու նաև այն ժամանակ, երբ այդ հարցերը վերաբերում են երկրի բարձրագույն գործադիր իշխանությանը»։