Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«Ռուս «հումանիստները» 21 հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ»․ Զելենսկի

129
Այսօր, 14:48
«Ռուս «հումանիստները» 21 հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ հանդիպումից և խաղաղության ու բանակցությունների մասին զրույցներից հետո ռուսական ուժերը Կիևի ուղղությամբ 21 հրթիռ են արձակել։

«Ռուս «հումանիստները» երեկոյան ժամերից սկսած՝ բալիստիկ հարվածների երեք ալիք են հասցրել Կիևին։ Կիրառել են 21 հրթիռ։ Ցավոք, քաղաքի տարբեր հատվածներում արձանագրվել են բազմաթիվ ավերածություններ. վնասվել են բնակելի շենքեր, էներգետիկ օբյեկտներ, երկաթուղային և մետրոյի կայարանների ենթակառուցվածքներ, առևտրի կենտրոններ և արդյունաբերական ձեռնարկություններ։ Վնասված օբյեկտների թվում նույնիսկ վանք կա», - նշել է նա։

Զելենսկին հավելել է, որ գիշերը ռուսական հարվածների թիրախում է հայտնվել ընդհանուր առմամբ 12 մարզ։ «Կիևում և մարզերում վիրավորվել է 34 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Այս պահին հայտնի է երկու զոհի մասին», — նշել է նա։

«Փաստորեն, հերթական բանակցություններից անմիջապես հետո Ռուսաստանը ցուցադրական հարված հասցրեց։ Սա նշանակում է, որ տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ նրա վերաբերմունքում իրական փոփոխություններ չկան։ Կարևոր է նաև հետագայում շարունակել ճիշտ լուծումներ գտնելու փորձերը՝ այս պատերազմին վերջ դնելու համար։ Սակայն երբ բանակցություններին Ռուսաստանի պատասխանը բալիստիկ հրթիռներն են, անհրաժեշտ է իրական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», — ամփոփել է Զելենսկին։

Նշենք, որ երեկ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հումանիստ» է անվանել։