Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2026 թ.

Ամուսինը դանակը պահել է կնոջ կոկորդին և սպառնացել է սպանել. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

71
Այսօր, 19:06
Ամուսինը դանակը պահել է կնոջ կոկորդին և սպառնացել է սպանել. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնանարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը 2021 թվականի հոկտեմբերին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո խոհանոցային դանակը պահելով նրա կոկորդին՝ սպառնացել է սպանել:

Նույն արարքն ամուսինը կրկնել է նաև 2024 թվականի հուլիսին:

Բացի այդ, ամուսինը ցավագին ընդունելով կնոջ կողմից փաստացի ամուսնալուծվելու հանգամանքը, վերջինիս, նրա ազգականների մոտ վարկաբեկելու նպատակով, իր կողմից օգտագործված հեռախոսահամարի «Whatsapp» բջջային հավելվածի միջոցով 2024 թվականի օգոստոսին կնոջ ազգականներին ցուցադրել և ուղարկել է նրա մերկ լուսանկարները:

Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 14-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ամուսինը հետամտել է իր կնոջը, այն է՝ նշված ժամանակահատվածում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարների տարբեր հավելվածներով և էլեկտրոնային փոստի միջոցով նրան ներգրավել է անցանկալի հաղորդակցության մեջ՝ պարբերաբար հայհոյանքներ և սպառնալիքներ տալով վերջինիս և նրա հարազատների հասցեին:

Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը) (2 դրվագ), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (2 դրվագ), 196.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հետամտելը), 204-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: