«Ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել Ծաղկաձորը»․ Լիլիթ Գալստյան
79
Այսօր, 15:18
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «COP-17-ը, ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՂԵՏՅԱԼ ԾԱՂԿԱՁՈՐԸ. Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքականության կամ պետական կառավարման հիմնական բնութագրիչ և անգամ՝ կառավարման էություն, շարժիչ ուժ ու հաղթաթուղթ։ Բայց այն ընթացքը, ինչն արդեն ութ տարի կլանել է մեզ ու բառիս քաղաքական և կենսական իմաստով շնչահեղձ է անում հայ մարդուն՝ ցինիզմն է ու անպատժելիությունը։ Գույները թանձրացրած չեմ լինի, եթե ավելացնեմ՝ թշնամու ձեռագրով ցինիզմ։ Ավելի ճշգրիտ բառ դժվարանում եմ գտնել, մանավանդ որ բառերն ու բնութագրիչները վաղուց իմաստազրկվել են․․․ Հոկտեմբերի 16-ին, Հայաստանի նախագահությամբ, Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» կոնվենցիայի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որի հիմնական թեման Երկիր մոլորակի կենդանի աշխարհի պահպանումն է, միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին հավատարմությունը։ Դե, Հայաստանն էլ՝ Փաշինյանի գլխավորությամբ, առիթը բաց չի թողնում, և շոումենի անգերազանցելի վարպետությամբ աշխահին ներկայանում է կանաչ օրակարգով, որպես կենդանի աշխարհի, կենսաբազմազանության և բնության ջատագով․․․ Մինչդեռ, ընդամենը մի քանի օր առաջ, ՀՀ կառավարությունը՝ ոտնատակ տալով /հիմա «իգնոր» են ասում/ շուրջ 5 տասնյակ հասարակական, բնապահպանական կազմակերպությունների, մի քանի տասնյակ պրոֆեսիոնալների ահազանգերն ու դատապարտող հայտարարությունները, պաշտոնապես հայտարարում է Ամուլսարի հանքավայրի բացման մասին։ Ամուլսարում՝ Ջերմուկի ակունքներում, ոսկու հանքավայրի շահագործումով բնապահպանական աղետի մեկնարկն է տրվում, հայտարարում են ՀԿ–ներն ու բնապահպանները՝ առերեսվելով իրեն ժողովրդավար հռչակած իշխանության արհամարհանքին ու քար լռությանը։ Հիշեցնեմ՝ սա այն իշխանությունն է, որի գունավոր հեղափոխությունն իրականություն դարձավ նաև ՀԿ ՍԵԿՏՈՐԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ և ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ։ Հիմա, ահագնացող աղետներին զուգահեռ, այդ նույն ՀԿ–ները հայտարարություն են տարածում և արձանագրում, որ «ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ բարձրաձայնված բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և փաստարկված լուծում չի տվել», «ՀՀ–ն կոպտորեն խախտում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները»։ Զուգահեռաբար, Երևանում մեկնարկած բնության և կենսաբազմազանության պահպանության մասին ՄԱԿ-ի միջազգային համաժողովում քննարկում են անտառների, լճերի, գետերի և բնական տարածքների, կենդանիների ու բույսերի պաշտպանության, նրանց անհետացման կանխման, հանքարդյունաբերությամբ շրջակա միջավայրին հասցվող վնասների նվազման հարցերը։ Փաշինյանն էլ իր ելույթում շեշտում է, թե որքան կարևոր է, որ բնության պահպանության համար ստանձնած խոստումները վերածեն իրական գործողությունների․․․ Այնքա՜ն հուզիչ, բնապաշտ և հումանիստական, որ քիչ է մնում հավատաս․․․ Երեկ, տարիների դադարից հետո, Ծաղկաձորում եմ՝ գործով։ Վաղուց այնտեղ չեմ գնում որպես հանգստավայր, որովհետև իմ մանկության և երիտասարդության կանաչ ձորը չկա, որովհետև Ծաղկաձորն անոգի քարակույտ է դարձել, էլ կանաչ չէ, բարի չէ, առաջվանը չէ․ անխնամ է ու թափթփված, որովհետև անճաշակ է, որովհետև խաղաղություն չկա, որովհետև ներդաշնակություն չկա, որովհետև սեր չկա ու տիրոջ ձեռք չկա։ Բայց այսքա՜ն․․․ Երանի չգնայի և չտեսնեի․ ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել ու խեղդել Ծաղկաձորը․․․ Այն, ինչ տեղի է ունեցել քաղաքի հետ մեկ անուն ունի՝ քաղաքաշինական կատաստրոֆա–աղետ, բառիս բուն իմաստով խեղված, այլանդակ, անհասկանալի ու անհամաչափ չգիտես թե ինչ․․․ Բարձրահարկերի արանքներում թլպատված ու անշունչ առանձնատներ, հատուկենտ դիմանկար ունեցող ցածրահարկ կառույցներ, անցյալի պատմական շերտի ու դիմանկարի անխնա վերացում կամ աղճատում, անճաշակ, միմյանց հետ կապ չունեցող շինություն–կույտեր, ոչ մի համաչափություն, ոչ մի անսամբլային մտածողություն, չափանիշների չգոյություն, մարդու և բնության նկատմամբ արհամարհանք։ Քաղաքն իր անվան ու կենսագրության հետ էլ կապ չունի․․․ Կենտրոնական հրապարակի ձախ հատվածում, անտառի մեջ սեպված բետոնե մասսիվ բարձրահարկերը բառիս բուն իմաստով սպանել են անտառն ու կերել ողջ լանջը, անտառը չկա, չես տեսնում։ Անտառների արանքներից տնկված բարձրահարկեր են․․․ Քաղաքի մուտքին, ձորի մեջ բարձրահարկերի մի ամբողջ, ծանր ու մռայլ թաղամաս է կառուցվում, ասես երկնաքար ընկած լինի ․․․ Ու շարունակ նույն հարցերը՝ այս քաղաքը համայնքային ղեկավարություն, գլխավոր ճարտարապետ, ավագանի չունի՞, ո՞վ է ձեզ թույլ տվել այլանդակել և սպանել Ծաղկաձորը․․․ Ամենուր, համատարած անորակ, անպատասխանատու, «փինաչու և գռդոնչու, կիսատ–պռատ» շինարարական «կուլտուրա» ու պետական վերահսկողության տոտալ բացակայություն, փնթի ու անտեր, շինարարական աղբի մեջ թաղված․․․։ ԱՅՍՔԱ՜Ն ՉՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ, սեփական բնությունը, սեփական ժառանգությունը, սեփական հողը․․․հիվանդ, որկրամոլ, ագրեսիվ, ոչ քաղաքակիրթ հավաքականություն՝ անղեկ ու էգոիստ, ոչնչատեսիլ, գավառական ճաշակով, չտեսի կարճատեսությամբ ու ագահությամբ․․․ Սա սոսկ հողի դեգրադացիա չէ, սա մեր հասարակության, մեր արժեքային համակարգի դեգրադացիան է, երբ կորցրել ենք մեզ ու մեզ կրող ու սնող հողը պաշտպանելու ունակությունը, կամքը, ցանկությունը․․․ Մտածում եմ՝ մի՞թե այս կողմերում պետական պաշտոնյաներ չեն լինում և չեն տեսնում, թե ինչ աղետալի և անվեդարձ ճակատագրի է արժանացել Ծաղկաձորը․․․ Աչքիցս չի վրիպում, որ գրեթե ամեն թփի տակ պարեկ– ոստիկանների կույտեր են, նյարդային վերուվար անող ոստիկանական մեքենաներ։ Ի՞նչ անասելի միջոցներ են մսխվում ոչ կարևոր բաների վրա, մտածում եմ․․․ Հետո պարզվում է, որ Փաշինյանին են սպասում․ գալու է Ծաղկաձոր՝ մասնակցելու «Mining Armenia Forum 2026» հանքարդյունաբերական ֆորումին։ Հանքարդյունաբերություն և Ծաղկաձոր․ մի տեսակ սյուրեալիստական է։ Հետո կարդում եմ, որ խոսել է բնապահպանական չափանիշերից, պատասխանատու հանքարդյունաբերությունից և էլի մոդայիկ բաներից։ Հետո գլխի եմ ընկնում, որ առջևում Հանքավանն է՝ Ծաղկաձորի ճակատագրով․․․ Լավատես լինելու ոչ մի հիմք, որովհետև Հայաստանում, ինչպես Հայաստանում․ ցինիզմ, ոչ պրոֆեսիոնալիզմ և անպատժելիություն․ ինչին կպնում են՝ անդառնալի աղետ ․․․ Հայաստանը դառնում է հարուստ երկրների համար հունք արտահանող ու մատակարարող երկիր, և թքած, թե սերունդներին ինչ ընդերք ենք թողնում կամ, առհասարակ, ինչ ենք թողնում․․․ Հ․Գ․ Մինչ այդ՝ Հայաստանում շարունակվում է կենսաբազմազանության ՄԱԿ–ի համաժողովը․․․ Հ․Գ․ Ու ոչ պաշտոնական աղբյուրներից փոխանցում են, որ «ժողովրդավար» կառավարությունը մտադիր է բնապահպանական հարցերում համայնքներին վերապահված վերահսկողական լծակները չեզոքացնել․․․»։