«Կոչ ենք անում COP-17-ի մասնակիցներին ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին». Գագիկ Բաղունց
53
Այսօր, 15:06
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի ուղերձը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD COP-17 համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին.
«Ընդգծելով կենսաբանական բազմազանության պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման և էկոլոգիական որոշումների կայացման գործընթացում հանրության արդյունավետ մասնակցության կարևորությունը՝ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման էկոլոգիական և կենսամշակութային հետևանքների կապակցությամբ»:2023 թվականի սեպտեմբերին մոտ 120 000 հայ բռնի տեղահանվեց Արցախից և վերաբնակեցվեց Հայաստանում։ Տեղահանությունը հանգեցրեց ոչ միայն տների, գույքի և ապրուստի միջոցների կորստի, այլև համայնքների և նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջև սերունդների ընթացքում ձևավորված կապերի խզմանը։ Այս գիտելիքների կրողների բռնի հեռացումը կարող է վտանգել դրանց հետագա կիրառման և ապագա սերունդներին փոխանցման հնարավորությունը, ինչն ազդում է նաև շրջակա միջավայրի պահպանության հնարավորությունների վրա։Ավանդական գյուղատնտեսությունը, ոռոգման և ջրամատակարարման համակարգերը, անտառներն ու արոտավայրերը, սրբավայրերը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի հետ կապված մշակութային սովորույթները միասին կազմում են եզակի կենսամշակութային համակարգ։ Դրա կործանումը նշանակում է կենսամշակութային բազմազանության կորուստ։Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան ընդգծում է այն ավանդական գիտելիքների և փորձառության պահպանման կարևորությունը, որոնք նպաստում են կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանը, ինչպես նաև դրանց կրողների մասնակցությանն ու հավանությանը: 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբանական բազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը շեշտում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների արդյունավետ մասնակցության անհրաժեշտությունը կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց իրավունքների հարգումը: Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչության, ավանդական գիտելիքներն ու փորձըՀաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին և COP-17-ի մասնակիցներին. • պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին, • ապահովել տեղահանված համայնքների բովանդակային մասնակցությունը էկոլոգիական հետազոտությունների, բնապահպանական նախաձեռնությունների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի մշակմանը, • ընդգծել էկոլոգիական նպատակների և մարդու իրավունքների պաշտպանության փոխկապակցվածությունը, • շարունակել տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության հարցերի քննարկումը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում՝ հաշվի առնելով կացարանի, սեփականության, մշակութային ժառանգության և բնական միջավայրի հետ կապված իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։Մենք կոչ ենք անում COP-17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել կենսաբազմազանության պահպանման, մշակութային հաջորդականության և մարդու իրավունքների փոխկապակցվածության համատեքստում, ինչպես նաև արցախահայերի՝ դեպի պատմական Հայրենիք հավաքական, անխոչընդոտ և անվտանգ վերադարձի իրավունքի համատեքստում»: