«Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր». Վարազդատ Հարությունյան
74
Այսօր, 12:00
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր հանրությանը հետաքրքրում են բոլորովին այլ հարցեր. 1. ադրբեջանական զինուժի արդեն տարիներ ձգվող ներխուժումը մեր հողեր, 2. ի հեճուկս բոլոր զիջումների, այդպես էլ գլուխ չբերվող «խաղաղությունը», 3. սոցիալ-տնտեսական վիճակը, ահագնացող թանկացումների ու քաղաքացիների եկամուտների կրճատման ֆոնին չինովնիկաց դասի ռոճիկների բարձրացումը, 4. մայրաքաղաքում խցանումների, ջրի ու օդի աղտոտվածության հարցերը և այլն: Հանրությանը հուզող հարցերը սրանք են, ոչ թե իբրև թե «Եկեղեցու բարեփոխումների», իսկ իրականում դրսի թելադրանքով մեր ազգային ինքնության պահպանման հիմնական հենարանը ոչնչացնելու օրակարգը: Ամենավատն այն է, որ հանրությանը հուզող վերը նշված հարցերը սպասարկող քաղաքական համակարգ գոյություն չունի: Դրանց լուծումը մնացել է քպ-ական իշխանության ու «դրսից» մի լավ խաբարի սպասող ու էդ ընթացքում հարցազրույցներով և կառավարությանը (հիմնականում) անտաղանդ հարցեր տալով ժամանակ սպանող ընդդիմության հույսին: Չմոռանանք հիշել խորհրդարանի և հետևաբար կառավարության լեգիտիմության ակնհայտ բացակայության մասին և հիշենք նաև, որ առաջին անգամ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պայմաններում ընդդիմությունը որևէ բողոքի լուրջ գործողություն չնախաձեռնեց: Հիշենք նաև, որ էդ անգործության հետևանքով իշխանություններին հաջողվեց ոչ միայն մարսել ընտրությունների արդյունքները կեղծելը, այլ՝ դեռ մի բան էլ ավելի լայն թափով շարունակել ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումները: Չի կարելի չփաստել նաև, որ «համերաշխությունից», «միաբանումից» և «համախմբումից» խոսող այդ նույն ընդդիմությունը արդեն երկար ժամանակ է ինչ չի կարողանում մի պարզ հարցի՝ քաղհալածյալների իրավունքների պաշտպանության շուրջ ընդհանուր պայքարի ճակատ ձևավորել: Պարզ է, չէ՞, որ էս անգործության պայմաններում իշխանությունները լիուլի հնարավորություն ու ժամանակ ունեն մտքներով անցած հարցը սարքել օրակարգ ու հետևողականորեն առաջ տանել այն»: