«Ովքե՞ր են որոշել Տիգրանաշենի ճակատագիրը». Կարեն Հեքիմյան
79
Այսօր, 21:12
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են որոշել Տիգրանաշենի ճակատագիրը: 20-րդ դարի 20-ական թվականների խորհրդային քարտեզներով Տիգրանաշենը ՀԽՍՀ կազմում էր: Վերջինիս դե ֆակտո կարգավիճակը փոխվեց 1933 թվականին: Տիգրանաշենը փաստացի անցավ Նախիջևանի ինքնավար հանրսպետությանը: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն ղեկավարում էր Աղասի Խանջյանը: Դե յուրե Տիգրանաշենն անկլավային կարգավիճակ ստացավ 20-րդ դարի 30-ականների վերջին տարիներին: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն ղեկավարում էր Գրիգոր Հարությունյանը (ի դեպ, վերջինս իր ղեկավարման օրոք որոշում էր ընդունել փակել Էջմիածնի Մայր տաճարը և վերացնել կաթողիկոսությունը, սակայն որոշումը չէր հաստատվել ԽՄԿԿ կենտկոմի կողմից): 1990 թվականի հունվարի 19-ին հայկական զինված ուժերը հսկողություն հաստատեցին Տիգրանաշենի նկատմամբ: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն փաստացի գտնվում էր ՀՀՇ-ի ղեկավարման ներքո: 1992 թվականի մայիսին Հայաստանը վերջնականապես վերահսկողություն հաստատեց Տիգրանաշենի և հարակից տարածքների նկատմամբ։ Այդ ժամանակ Հայաստանը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն, վերջին հարյուրամյակում Տիգրանաշենի ճակատագրի հետ կապված մեծ դեր են խաղացել Աղասի Խանջյանը, Գրիգոր Հարությունյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, հաշվի առնելով հայկական շահերը, առաջին երկուսի դերը բացասական է, երրորդինը՝ դրական: Այժմ «Տիգրանաշենի էստաֆետը» փոխանցվել է Փաշինյան Նիկոլին: Պարադոքսալն այն է, որ Աղասի Խանջյանն ու Գրիգոր Հարությունյանը Տիգրանաշենը հանձնել են «չորով»՝ առանց որևէ իրավական հիմքի, իսկ Փաշինյան Նիկոլը Տիգրանաշենի ենթադրյալ հանձնումը «հիմնավորում է» Խանջյանի և Հարությունյանի գոյություն չունեցող հիմքերով: Ավելացնեմ, որ Հայաստանում համապատասխան իրավական ակտերով հավերժացված են Տիգրանաշենն առանց որևէ հիմքի հանձնած Աղասի Խանջյանի և Գրիգոր Հարությունյանի անունները: Մասնավորապես՝ վերջիններիս անուններով Երևանի կենտրոնում փողոցներ կան»: