Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2026 թ.

«Մենք պատրանքներ չունենք, որ տարիներով կուտակված խնդիրները լուծվելու են մեկ համաժողովի ընթացքում»․ Օլեգ Դուլգարյան

64
Այսօր, 15:06
«Մենք պատրանքներ չունենք, որ տարիներով կուտակված խնդիրները լուծվելու են մեկ համաժողովի ընթացքում»․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ և համախոհներ,
Ես չե՛մ մասնակցում COP17-ի բացմանը և դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։
Մերժել եմ ստացված բոլոր հրավերները, ինչի համար ակնկալում եմ գործընկերների և հարգելի մարդկանց փոխըմբռնումը։
Սա գիտակցված որոշում է, որն ունի խորքային պատճառներ։
Ես և իմ բազմաթիվ համախոհներ տարիներ շարունակ գրեթե ամենօրյա պայքար ենք մղում Հայաստանի համայնքներում՝ բնակիչների կողքին՝ նրանց հետ միասին պաշտպանելով շրջակա միջավայրը, սոցիալ-էկոլոգիական իրավունքները և հանրային մասնակցության հնարավորությունները, տեղական ժողովրդավարության սկզբունքները։
Այդ ճանապարհին շարունակաբար բախվում ենք հակաժողովրդավարական գործելակերպերի, թիրախավորման երբեմն ճնշումների։
Մեզ համար բնապահպանական խնդիրները չեն սկսվում և ավարտվում միջազգային համաժողովների օրակարգերով։
Դրանք մեր համայնքների առօրյան են, մարդկանց ապրելու, իրենց հողի ու ապագայի վերաբերյալ որոշումներին մասնակցելու իրավունքի հարցը։
COP17-ին նախորդող ավելի քան մեկ ամսվա ընթացքում նկատում ենք, որ համայնքներում նոր հանքավայրերի բացման կամ ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ չեն նախաձեռնվում։
Մեզ համար սա մտահոգիչ ազդակ էր և հարցեր էր առաջացնում. արդյո՞ք գործ ունենք բնապահպանական քաղաքականության իրական փոփոխությա՞ն, թե՞ միջազգային ուշադրության պայմաններում ժամանակավոր զսպվածության հետ։
Առավել ևս, երբ COP17-ի նախաշեմին ազդարարվեց Ամուլսարի հանքի բացումը։
Սա ևս մեկ անգամ ընդգծեց այն հակասությունը, որի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք. միջազգային հարթակներում բնապահպանական հանձնառությունների մասին խոսելը դեռ չի նշանակում, որ այդ հանձնառություններն արտացոլվում են համայնքների իրական կյանքում։
Մենք պատրանքներ չունենք, որ տարիներով կուտակված խնդիրները լուծվելու են մեկ համաժողովի ընթացքում։ Ավելին՝ մտավախություն ունենք, որ համաժողովից հետո նույն մարտահրավերները շարունակվելու են, և մենք կրկին ստիպված ենք լինելու դիմակայել դրանց՝ կանգնելով համայնքների բնակիչների կողքին։
Մեզ համար բնապահպանական քաղաքականության իրական չափանիշը ոչ թե միջազգային հարթակներում հնչող հայտարարություններն են, այլ այն, թե ինչ է տեղի ունենում այդ հարթակներից հեռու՝ մեր համայնքներում։
Հենց այդ պատճառով այս պահին մեր առաջնահերթությունը տեղական պայքարներն են, մարդկանց իրավունքների պաշտպանությունը և այն դիմակայունության պահպանումը, որի կարիքը դեռ երկար ենք ունենալու։
COP17-ի ընթացքին որոշել ենք նաև մի փոքր փիլիսոփայորեն մոտենալ։
Մեզ համար այս ժամանակահատվածը հնարավորություն է՝ երկարատև ու հյուծող պայքարներից հետո փոքր-ինչ վերականգնելու ուժերը, վերագնահատելու անցած ճանապարհը և պատրաստվելու առաջիկա մարտահրավերներին։
Մեր աշխատանքը շարունակվելու է նաև այն ժամանակ, երբ համաժողովի դահլիճները կդատարկվեն, միջազգային պատվիրակությունները կհեռանան, և ուշադրությունը Հայաստանից կտեղափոխվի այլուր։
Իսկ մենք մնալու ենք այստեղ՝ մեր համայնքներում, մեր գյուղերում՝ մեր խնդիրներով։
Հարգանքով եմ վերաբերվում COP17-ին մասնակցելու մեր գործընկերների որոշմանը և բոլորին մաղթում արդյունավետ ու բովանդակային աշխատանք։
Հուսով ենք, որ այդ մասնակցությունը կծառայի նաև այն խնդիրների բարձրաձայնմանը, որոնց հետ առերեսվում ենք ամեն օր»։

Աղբյուրը`   Օլեգ Դուլգարյան