Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2026 թ.

Գևորգ Փարսյանը 3-րդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար

103
Այսօր, 20:00
Գևորգ Փարսյանը 3-րդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար

Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել է, որ կմասնակցի նոյեմբերին կայանալիք ավագանու ընտրություններին։

«Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին և արժեքներին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին գլխավորելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը:

Այս առաջադրումն ինքնանպատակ քայլ չէ, այլ արդեն իրականացված ծրագրերի շարունակականությունն ապահովելու, սկսածը ավարտին հասցնելու և զարգացման ներկա ընթացքը չընդհատելու անհրաժեշտությունից բխող որոշում։

Այս բարդ, բայց և արդյունավետ տարիների փորձի ու գիտելիքների շնորհիվ է, որ հստակ պատկերացնում եմ Կապան համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման ուղիները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ունեմ ապագայի իրատեսական տեսլական, և գիտեմ, թե որ ուղղությամբ և ինչ քայլերով պետք է առաջ շարժվենք։

Հայրենակիցներիս վստահությունն ինձ համար մեծ պատասխանատվություն է, որը ստանձնել եմ գիտակցաբար և, ինչպես միշտ, պատրաստ եմ արդարացնել ամենօրյա հետևողական աշխատանքով, տեսանելի գործով և շոշափելի արդյունքներով։

Մենք ունենք կամք, բավարար ուժ և մեծ ցանկություն՝ է՛լ ավելին անելու մեր բնակիչների և Կապան համայնքի համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Փարսյանը։

Փարսյանը նախորդ ընտրություններին նույնպես մասնակցել է «Շանթ դաշինքի» հետ։

Նշենք, որ ի տարբերություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Գևորգ Փարսյանը ՔՊ-ի հետ չի համագործակցել։

Աղբյուրը`   Գևորգ Փարսյան