«Անկլավները հետ տանելու և սահմաններին մոտեցնելու տարբերակը». Թաթուլ Հակոբյան
197
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2026 թ., 03:12
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկլավները հետ տանելու և սահմաններին մոտեցնելու տարբերակը Քաղաքական կամք և կառուցողական դիրքորոշում ունենալու դեպքում, անկասկած, հնարավոր է գտնել անկլավների հարցի լուծման տարբերակներ, որոնցից մեկը կարող է լինել դրանք հետ տանելու և սահմանին մոտեցնելու տարբերակը: Արծվաշենի դեպքում այն մոտեցվում է Վահան գյուղին, Հայաստանը Ադրբեջանի տարածքում ունենում է եռանկյունաձև մուտք: Քյարքիի դեպքում՝ անկլավի տարածքը մոտեցվում է Սադարակին, մայրուղին ամբողջովին մնում է Հայաստանի տարածքում: Սոֆուլու-Բարխուդարլուի դեպքում խնդիրը բարդանում է նրանով, որ երբ այդ երկու գյուղերը հետ ենք մղում դեպի Աղստաֆայի ջրամաբարի ուղղություն, ապա հայկական Կայան բնակավայրը պետք է դուրս բերվի: Անկլավներից միակը Սոֆուլու-Բարխուդարլուն է, որի և Ադրբեջանի միջև կա հայկական բնակավայր: Էլ ավելի բարդ է Վերին Ոսկեպարի՝ Յուխարը Ասկիպարայի դեպքում: Եթե այն մղում ենք հետ և միացնում Բաղանիս-Այրում-Ներքին Ոսկեպար/Աշաղը Ասկիպարա արդեն Ադրբեջանի մաս վերադարձված գյուղերին, ապա կորցնում ենք Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհը, գումարած այն նաև, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում ունենում է մի քանի կիլոմետր երկարությամբ սեպ: Այդ սեպը այնքան է խորը լինում ՀՀ տարածքում, որ գրեթե անհնար է դառնում Ոսկեպարից Բաղանիս որևէ ճանապարհ ունենալու: Ամեն դեպքում, եթե հնարավոր է խաղաղ, կառուցողական պայմաններում և սեղանի շուրջ լուծել անկլավների հարցը, ապա դա պետք է անել»: