«Այսօր Հայաստանում համընդհանուր քաոս է»․ Մհեր Մելքոնյան
72
Այսօր, 17:24
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է պետականության, անվտանգության և սոցիալական համակարգերի խորքային ճգնաժամի մեջ։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում, այլևս անհատական սխալների կամ կառավարչական բացթողումների հետևանք չէ. մենք ականատեսն ենք պետական ինստիտուտների, ազգային արժեքների և սոցիալական հենասյուների հետևողական փլուզմանը։ 1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ Համընդհանուր գնաճի և սոցիալ-տնտեսական ծանր բեռի պայմաններում իշխանությունները ցուցաբերում են բացահայտ անտարբերություն սեփական քաղաքացու հանդեպ։ -Թոշակառուներին՝ 1000 դրամ, պաշտոնյաներին՝ աստղաբաշխական եկամուտներ. Սոցիալական արդարության մասին բոլոր հայտարարությունները փլուզվում են այն իրականության առաջ, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարներն աճում են աննախադեպ տեմպերով, իսկ տարեցների թոշակն ավելանում է ընդամենը 1000 դրամով։ -Հարված ամենախոցելիներին. Գնաճի ֆոնին թաղման նպաստները վերացնելու նախաձեռնությունները խոսում է պետության սոցիալական գործառույթի կոլապսի մասին։ -Սոցիալական անզգայունություն. Ամենօրյա հոգսերով ապրող քաղաքացուն աջակցելու փոխարեն՝ ուժային ու վարչական ճնշումներով քանդվում են մարդկանց ապրուստի միջոց հանդիսացող կրպակները՝ առանց արժանապատիվ այլընտրանք առաջարկելու։ 2. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄ -Արշավ Եկեղեցու դեմ. Մեր ազգային ինքնության հիմնասյունը հանդիսացող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող թիրախավորված քարոզչությունն ու կազմաքանդման փորձերը վտանգում են հասարակական համերաշխությունը։ -Զինված ուժերի անորոշություն. Անվտանգային լրջագույն սպառնալիքների պայմաններում Զինված ուժերում տիրող անհասկանալի և վտանգավոր իրավիճակը թուլացնում է մեր պաշտպանունակությունն ու երկրի դիմադրողականությունը։ 3.ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ Մարզերում ընթացող ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ընտրությունների քարոզարշավը վերածվել է վարչական ռեսուրսի անհամաչափ կիրառման և անձի պաշտամունքի դրսևորման։ -«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պետական և համայնքային բյուջեների՝ այսինքն հենց հարկատու քաղաքացու փողերով իրականացված ենթակառուցվածքային աշխատանքները փորձում են մատուցել որպես «անձնական լավություն» կամ «նվեր» ժողովրդին։ Դա պետական մտածողության բացակայության և քաղաքական դատարկության ակնհայտ ապացույց է։ 4. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ Իշխանական ամբիոններից հնչող «խաղաղության օրակարգի» մասին միակողմանի թեզերը որևէ առնչություն չունեն իրականության հետ։ -Մինչ պաշտոնական Երևանը հանդես է գալիս անհասցե խաղաղասիրական հայտարարություններով, Ադրբեջանի հռետորաբանությունն ու ախորժակը օր օրի ընդլայնվում են՝ առաջադրելով նորանոր անընդունելի պահանջներ։ Միակողմանի զիջումների քաղաքականությունը ոչ թե բերում է խաղաղություն, այլ էլ ավելի է մեծացնում պատերազմի և նոր կորուստների վտանգը։ Այս ամենը պատահականություն չէ, այլ պետական կառավարման համակարգային ճգնաժամի հետևանք։ Ժողովրդավարության, սոցիալական արդարության և անվտանգության մասին խոստումները փոխարինվել են իրականությունից կտրվածությամբ և սեփական իշխանությունը ամեն գնով պահելու մոլուցքով։ Մեր երկրին անհրաժեշտ է լուրջ, պետականակենտրոն և պատասխանատու քաղաքականություն, որտեղ քաղաքացին պաշտպանված է, պետական ինստիտուտները՝ ամուր, իսկ արտաքին քաղաքականությունը՝ արժանապատիվ։ Այսօր Հայաստանում համընդհանուր քաոս է...»։