«Բաց նամակ-պահանջ` ուղղված Վասակ Դարբինյանին և Հովհաննես Մովսիսյանին». ՀայաՔվե
31
Այսօր, 23:30
«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Բաց նամակ-պահանջ՝ ուղղված Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին. «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խորին վրդովմունքն է արտահայտում սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված անպատեհ և անհարգալից հաղորդման, ինչպես նաև Հանրային հեռարձակողի կողմից տարիներ շարունակ իրականացվող կողմնակալ քաղաքականության վերաբերյալ։ Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի և պետականության համար ողբերգական և սրբազան հիշատակի օր է։ Այդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերով անպատեհ, հանրային արժեքները ոտնահարող բովանդակություն հեռարձակելը ոչ միայն անընդունելի է, այլև բացահայտ անարգանք է մեր հասարակության, զոհվածների հիշատակի և Հանրային հեռարձակողի բուն առաքելության հանդեպ։ Այս միջադեպը Հանրայինի ղեկավարության կողմից իրականացվող համակարգային անգործության և քաղաքական ծառայամտության օրինաչափ հետևանքն է։ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պահպանել չեզոքություն ու բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի: Ընտրական փուլերում Հանրայինը լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։ Քաղաքական հաղորդումների շրջանակներում, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցներում, ակնհայտ է ընդգծված կողմնակալ դիրքորոշումը։ Եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր կամ այլախոհ տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլյացիաների։ Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կատարվում է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից ելնելով՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետներն ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։ Հանրայինի եթեր են բերվում զանազան տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները պառակտող անձինք՝ նպատակաուղղված հարված հասցնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և հանրային համերաշխությանը։ Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար։ Պահանջում ենք նաև Հանրայինի եթերային քաղաքականության անհապաղ վերանայում և դրա վերադարձ հանրությանը»։