«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
65
Այսօր, 20:00
«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԶՈՀԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉԵՍ ՊԱՇՏՊԱՆԻ Էս ի՞նչ մշակույթ է ձևավորվել մեզանում, որ մարդուն, հատկապես՝ տուժողին, առաջին հերթին սկսում ենք մեղադրել։ Մի կողմ դրեք ձեր քաղաքական համակրանքները, ատելությունը, մեկնաբանություններում իրար գերազանցելու մոլուցքը։ Այդ կինը առաջին հերթին մայր է, որը վտանգի պահին պաշտպանել է իր երեխաներին։ Ու դուք նստած եք տաք տեղերում, հանգիստ պայմաններում, ու որոշել եք նրան դատել, որովհետև ձեզ թվում է՝ դուք ավելի լավ գիտեք, թե մարդն ինչ պետք է աներ կյանքի ու վտանգի այդ պահին։ Մի քիչ արժանապատվություն ունեցեք։ Բայց այստեղ կա ավելի լուրջ խնդիր։ Ինչո՞ւ է այս դեպքերում այդքան հեշտ ստացվում մեղադրել հենց զոհին։ Որովհետև զոհին մեղադրելը շատ ավելի հեշտ է, քան տալ այն հարցերը, որոնց պատասխանները կարող են հասնել մինչև պետության պատասխանատվության դաշտ։ Ի՞նչ է արել պետությունը մինչև այդ։ Որտե՞ղ են եղել անվտանգության մեխանիզմները։ Ի՞նչ թերացումներ են եղել։ Ի՞նչը կարելի էր կանխել, բայց չի կանխվել։ Եվ, ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա պետական համակարգի հնարավոր բացթողումների համար։ Այս հարցերը տալու փոխարեն՝ սկսում ենք քննարկել՝ կինը ինչու այսպես վարվեց, ինչու այնպես չվարվեց, ինչու «ավելի խելամիտ» որոշում չկայացրեց։ Հարմար է, չէ՞։ Որովհետև այդպես պետությանը դժվար հարցեր տալու կարիք չի լինում։ Եվ երբ իշխանություններին պաշտպանելու մղումը մեզ հասցնում է նրան, որ սկսում ենք մեղադրել սեփական քաղաքացուն, միայն թե չխոսենք պետական պատասխանատվության մասին, սա արդեն լուրջ խնդիր է։ Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան։ Եթե չեն եղել՝ թող փաստերով հերքվեն։ Բայց զոհին մեղադրելով՝ պետության հնարավոր պատասխանատվությունից փախչելը ո՛չ արդարություն է, ո՛չ հայրենասիրություն, ո՛չ էլ արժանապատվություն։ Զոհին մեղադրելն ամենահեշտ բանն է։ Բայց արդարությունը սկսվում է այնտեղ, որտեղ մենք դադարում ենք պաշտպանել հարմար վարկածները և սկսում ենք տալ անհարմար հարցերը։ Վերջապես մի քիչ ներքին արժեհամակարգ ունեցեք։ Եվ սովորեք գոնե մի բան՝ մարդուն, որը տուժել է, մի՛ հարվածեք երկրորդ անգամ»։