Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.

«Նրանց հերոսությունները մեզ համար պիտի հոգու և կամքի օրինակ հանդիսանան». Խաչափայտի մասունքը տեղափոխվեց Վարագավանք

63
Երեկ, 23:48
«Նրանց հերոսությունները մեզ համար պիտի հոգու և կամքի օրինակ հանդիսանան». Խաչափայտի մասունքը տեղափոխվեց Վարագավանք

Վարագա Սուրբ Խաչի Տոնի առթիվ
Սեպտեմբերի 27-ին՝ Վարագա Սուրբ Խաչի Տոնին, օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Քրիստոսի Խաչափայտի Սուրբ մասունքը մեկ օրով Սուրբ Էջմիածնից տեղափոխվեց Տավուշի թեմի Նոր Վարագավանք վանական համալիր։
Սուրբ և անմահ պատարագ մատուցեց վանքի հոգևոր հովիվ Տեր Եղիա քահանա Փահլևանյանը։ Սուրբ պատարագին մասնակցեցին թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հայրեր Տեր Արամ քահանա Միրզոյանը, Տեր Բարսեղ քահանա Մկրտչյանը և Կոթիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Հարությունյանը՝ ուխտավորների հետ միասին։
Սուրբ պատարագի ավարտին Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն 44-օրյա պատերազմի մեր նահատակ հերոսների հոգիների փրկության և խաղաղության համար։ Հոգեշնորհ Հայր Սուրբն իր խոսքում պատգամեց․ «․․․ոչ թե մեր առջև խնդիր պիտի դնենք չմոռանալ հերոսներին, այլ նրանց հերոսություններն ու նահատակությունները մեզ համար պիտի հոգու և կամքի օրինակ հանդիսանան։ Ինչպես ուղիղ 6 տարի առաջ՝ այս օրը, Խաչյալի օրինակով, մեր հերոսներն ուրախությամբ առան կամովին նահատակության պսակը, այնպես էլ, իբրև փրկության նշան, այդ Սուրբ խաչը նրանց համար հայելի դարձավ անցյալի ու գալիքի ճշմարտության և ապրումի համար։ Այս Սուրբ մասունքի ներկայությունն ու այս նվիրական աղոթքը վերահաստատում են մեր հավատքը, ազգային միասնությունն ու հավերժական երախտագիտությունը մեր նահատակների լուսավոր հիշատակի հանդեպ»։
Հոգեշնորհ Հայր Սուրբի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի կարգ, Սուրբ Խաչափայտի մասունքով օրհնվեցին Հայրենիքի չորս ծագերը, այնուհետև օրհնվեց մատաղը և բաժանվեց ներկաներին»։