Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2026 թ.

«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով

104
Այսօր, 21:42
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով

«Հրապարակ»-ը գրում է․ «Անդրանիկ Ներսիսյանի՝ «Զոն նայող Անդուլիկ» մականունով հայտնի քրեական հեղինակության դեմ հարուցված քրեական գործը 2022 թվականից գտնվում է դատարանում։

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ, լինելով քրեակատարողական հիմնարկում պահվող անձ, մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը։

Գործով, բացի Ներսիսյանից, մեղադրյալի կարգավիճակ ունեին ևս երեք անձ՝ օրենքով գող Ալեքսանդր Մակարյանը՝ «Ալո Շահումյանսկի» մականունով, քրեական հեղինակություն Սմբատ Ավդալյանը և Արթուր Սեդրակյանը՝ «Տիզ» մականունով։

Մեր տեղեկություններով՝ քրեական հեղինակությունների վերաբերյալ գործը քննող առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, բոլոր մեղադրյալներին արդարացրել է՝ ճանաչելով նրանց անմեղությունը։

Միաժամանակ, Արթուր Սեդրակյանը, որը տվյալ քրեական գործով մեղադրյալ էր, մահացել է գործի դատական քննության ընթացքում։ Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդումը հետագայում դադարեցվել է նրա մահվան հիմքով։ 2022 թվականին նա Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։

«Ալո Շահումյանսկիի» փաստաբան Հունան Բաբայանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ։ Նրա խոսքով՝ դատախազությունը դատավճիռը բողոքարկել է։

Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի խափանման միջոցին, փաստաբանը նշեց, որ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք»։