Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ.

«Թուրքիայի համար շատ ավելի դժվար կլինի շարունակել փակ պահել Հայաստանի հետ սահմանը». Արամ Սարգսյան

61
Այսօր, 09:54
«Թուրքիայի համար շատ ավելի դժվար կլինի շարունակել փակ պահել Հայաստանի հետ սահմանը». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբության գրառումը. «ՄԱԿ-ի ամբիոնը, Էրդողանը և Հայաստանի փակ սահմանը
Թուրքիայի նախագահի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, ընդհանուր համատեքստում,
դրական էր։ Բայց Հայաստանի հետ սահմանի բացման հարցը Թուրքիան շարունակում է ձգձգել՝ կապելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հետ։ Ադրբեջանն էլ, իմ կարծիքով, խաղաղության համաձայնագիրը չի ցանկանում ստորագրել, քանի որ այս իրավիճակը իրեն մանևրելու հնարավորություն է տալիս և բոլոր առումներով ձեռնտու է։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում, որ գնացքները Նախիջևանից մտնեն Հայաստան, ու դա չեն էլ թաքցնում։ Իրենց նպատակն է, որ Հայաստանը մնա փակուղային վիճակում, իսկ Մեղրիի հատվածը գործի միայն Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապի համար։ Այս հարցում իրենց և Ռուսաստանի մոտեցումները ինչ-որ առումով համընկնում են, և այս եռյակը շարունակում է համագործակցել Հայաստանի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ մինչև 2028-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները TRIPP-ը գործարկված լինի։ Իսկ դա հնարավոր է միայն Երասխ-Ախուրիկ երկաթուղու գործարկման միջոցով։ Այդ դեպքում Թուրքիայի համար շատ ավելի դժվար կլինի շարունակել փակ պահել Հայաստանի հետ սահմանը, քանի որ ստիպված կլինի հակադրվել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի շահերին։ Այս հարցում Թուրքիային և Ադրբեջանին օգնում է Ռուսաստանը՝ պահպանելով իր կոնցեսիան, որի դիմաց էլ, իմ կարծիքով, Ալիևը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։ Այս իրավիճակի լուծումը, թերևս, մեր իշխանության կողմից ռուսական կոնցեսիայի հարցը հնարավորինս արագ կարգավորելն է։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված խնդիրը ԱՄՆ-ը կլուծի։ Առաջին անգամը չէ»:

Աղբյուրը`   Արամ Սարգսյան