Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2026 թ.

«Արցախը եղել և մնում է հայրենասեր յուրաքանչյուր մարդու սրտում»․ «Ապրելու երկիր» կուսակցություն

48
Այսօր, 10:18
«Արցախը եղել և մնում է հայրենասեր յուրաքանչյուր մարդու սրտում»․ «Ապրելու երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի՛ արցախցիներ, այսօր ձեր և մեր բոլորի կյանքի ամենաողբերգական օրվա տարելիցն է:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցած Արցախյան վերջին պատերազմին հաջորդեց ողբերգությունների մի ամբողջ շղթա՝ բենզինի պայթյունից զոհեր ու վիրավորներ, գերեվարված հայրենակիցներ և բռնագաղթի ճանապարհի չսպիացող վերքեր։
9 ամիս կատարյալ շրջափակման մեջ հայտնված Արցախում տեղի ունեցածը հայերի էթնիկ զտում էր, և այն պետք է ստանա համապատասխան գնահատական միջազգային կառույցների կողմից։
Այդ ոճրագործությունը շարունակվում է նաև այսօր՝ Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետևողական ոչնչացմամբ և հայ գերիներին ապօրինաբար Բաքվի բանտերում պահելով ու նրանց խոշտանգումների ենթարկելով:
Այս ամենի հետևանքները, անասելիորեն ցավալի, դուք շարունակում եք կրել ձեր ներսում և առօրյայում՝ հայտնվելով նորից ոտքի կանգնելու դժվարագույն ճանապարհին:
Սիրելի՛ արցախցիներ, դուք մենակ չեք։ Մայր հայրենիքում հազարավոր ձեր հայրենակիցներ կանգնած են ձեր կողքին, կիսում են ձեր ցավը, հետամուտ են ձեր խնդիրների լուծմանը և պահանջատեր են ձեր իրավունքների վերականգնման հարցում։
Արցախցիները հերոսական ժողովուրդ են։ Նրանք մինչև վերջ պայքարել են իրենց պապերի հողում ապրելու, արարելու և սեփական հայրենիքում իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։ Դա անժխտելի իրողություն է։
Իսկ Արցախը եղել և մնում է հայրենասեր յուրաքանչյուր մարդու սրտում՝ որպես ջերմ սիրո և խանդաղատանքի դրսևորում։
Արցախը մնացել է նաև բոլոր նրանց սրտերում, որոնց ներսում նրա անկմամբ ինչ-որ բան ավերվեց, և ինչ-որ բան ընդմիշտ մնաց կիսատ։
Մեր պարտքը մեծ է սերունդների առաջ...
Հավե՛րժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հերոսներին։
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին։
Ապրելու կամք, ուժ և իրենց բնորոշ տոկունություն՝ Արցախի ժողովրդին»։