Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով
177
Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2026 թ., 23:36
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնել է. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՐԴԱՐԱՑՆՈՂ հիմքով: Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում՝ մեղադրելով մեր վստահորդին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ: Մասնավորապես՝ Արամայիս Թախմազյանը նույնիսկ առերես պնդել է, որ Թեմից և Մայր Աթոռից իրեն հասանելիք գումարները շուրջ 5 տարի չեն վճարվել և այդ արարքը կատարվել է իմ և փաստաբան Վահագն Քեշիշյանի վստահորդի միջոցով: ՍԱԿԱՅՆ ԱՅՍ ՍՈւՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ: Նախաքննության մարմինը 10 ամիս շարունակ ստուգել է Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ ( որն ի դեպ՝ նույնպես իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել ) թվով 1262 բանկային գործարք և հետապնդումը դադարեցնելու որոշմամբ արձանագրել է, որ Թեմն ու Մայր Աթոռը այս անձանց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել են: Արամայիս Թախմազյանը բացահայտվելուց հետո հայտնել է, որ այս դեպքով հիշողության հետ թյուրըմբռնում ունի և Մայր Եկեղեցուց ու Թեմից միլիոնավոր դրամները ստանալու պահերը, կենտրոնացած չլինելու պատճառով, լավ չի ընկալել... Նախաքննության մարմինը նշել է, որ մեղադրանքը չի կարող հիմնվել Թախմազյանի հիշողության սահմանափակումների վրա: - Արամայիս Թախմազյան, առավոտները շաքարաջուր խմի՛ր, հիշողությունդ կարգավորիր, որ մարդկանց քո պատճառով հանիրավի չկալանավորեն: Իսկ այս հրեշավոր ստի պատճառով, մեր վստահորդ Նաիրա Ալավերդյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանք է կրել, առողջական խնդիրներ է ձեռք բերել, ֆինանսական կորուստներ է ունեցել, Նաիրա մայրը, չդիմանալով դստեր նկատմամբ հակաիրավական գործընթացին, տառապանքից և հիվանդության սրացումից մահացել է մի քանի ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով իր դստեր արդարացումը: Բոլոր մեղավորների պատասխանի ժամը գալու է Աստծո և օրենքի առաջ»: