«Եթե իրականացվեն խոշոր ներդրումներ, Հայաստանը կարող է զգալիորեն մեծացնել վերականգնվող էներգիայի բաժինը»․ Արեգա Հովսեփյան
69
Այսօր, 17:18
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևը չի սպառվում։ Նավթը սպառվում է։ Եվ Ադրբեջանը սա շատ լավ է հասկանում։ Էներգետիկան վաղուց միայն տնտեսության մասին չէ։ Այն ազգային անվտանգության, տնտեսական անկախության և աշխարհաքաղաքական ազդեցության կարևորագույն գործիքներից է։ Դեռևս 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը ստորագրել է մի շարք պայմանագրեր միջազգային ընկերությունների հետ։ Դրանցից ամենախոշորներից մեկը British Petrolium-ի հետ իրականացվող 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի նախագիծն է Արաքսի ափին՝ Մեխակավանի (Ջեբրայլի) և Զանգելանի (Կովսական) շրջաններում։ 2022 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանը և Եվրոպական միությունը ստորագրեցին «Էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը», որով նախատեսվեց համագործակցության ընդլայնում վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ արևային և հողմային էներգետիկայի, «կանաչ» ջրածնի, էլեկտրաէներգիայի փոխկապակցման և նոր ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով։ 2024 թվականին ԵՄ–Ադրբեջան Green Energy Advisory Council-ի շրջանակում հաստատվեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության նոր փուլը, որի նպատակն է զարգացնել «կանաչ էներգիայի» նախագծերը և մեծացնել Ադրբեջանի դերը որպես ապագա մատակարար Եվրոպայի համար։ 2025 թվականին գրավված հայկական Մեխակավանում մեկնարկեցին նաև «Շամս» և «Ուֆուղ» արևային էլեկտրակայանների նախագծերը։ Յուրաքանչյուր կայանի համար նախատեսված է 50 ՄՎտ դրվածքային հզորություն, որոնց շահագործման հանձնումը պլանավորվում է 2027 թվականին։ Այսպիսով, Ադրբեջանը, գիտակցելով իր էներգետիկ ռեսուրսների սահմանափակ լինելը, ձգտում է տնտեսութայն դիվերսիֆիկացիայի։ Ավելին, երբ նրա դերը՝ որպես էներգետիկ ռեսուրսների արտահանող, սկսի նվազել, նա ձգտելու է դառնալ էներգետիկ ռեսուրսներ տեղափոխող երկիր, յուրատեսակ հաբ՝ հանգույց։ Եվ հենց այստեղ նաև իր առանցքային դերն է ստանձնելու ԹՐԻՓ-ը։ Հ.Գ. Ընդգծենք, որ Հայաստանը գտնվում է շատ ավելի բարենպաստ դիրքում և որոշ լեռնային շրջաններում նույնիսկ գերազանցում է Ադրբեջանի միջին ցուցանիշները։ Հայաստանի առավելությունը արևային ռեսուրսի բարձր խտությունն է։ Սա նշանակում է, որ համեմատաբար փոքր տարածքի վրա հնարավոր է ստանալ բարձր արտադրողականություն։ Եթե իրականացվեն խոշոր ներդրումներ, զարգացվեն կուտակման համակարգերը և էլեկտրաէներգիայի արտահանման ենթակառուցվածքները, Հայաստանը կարող է զգալիորեն մեծացնել վերականգնվող էներգիայի բաժինը և այն դարձնել տնտեսական ու էներգետիկ անվտանգության կարևոր հենասյուն»։