Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.

«Երբ քաղաքական դաշտում կուտակվում են բարդ հարցեր, իշխանությունը ստեղծում է «անձնական դրամա»»․ Արմեն Հովասափյան

59
Այսօր, 12:48
«Երբ քաղաքական դաշտում կուտակվում են բարդ հարցեր, իշխանությունը ստեղծում է «անձնական դրամա»»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախօրեին հասարակությունն ապրեց հերթական «շոկը»՝ Փաշինյանի Գյումրի կատարած այցի կադրերում տեսնելով նաև Հակոբյան Աննային։ Ընդամենը երկու ամիս առաջ հիշյալ անհատը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ լալահառաչ ու սրտաճմլիկ ելևէջներով հայտնում էր, թե «իրենց համատեղ կյանքն ավարտված է», «ինքը հանձնում է իր բոլոր նվերներն ու իրերը, որոնք ձեռք է բերել «առաջին տիկնոջ» կարգավիճակում», «չի ունենալու պետական պահպանություն, անձնական վարորդ» և այլն։ Երեկ Գյումրիում լրիվ այլ տեսարան էր՝ նա շրջում էր թիկնազորով և բավական հաճելի սեթևեթում իշխանության դեմքերի հետ։
Թեմայի անոնսը սկսվեց նրանով, երբ երեկ Փաշինյանի առավոտյան իր հերթական «սրտիկային» ուղերձը հղելիս, հետնամասում երևաց կադրով անցնող կնոջ սիլուետ, որն ասես, ինչ-որ գործով էր զբաղվում և լրիվ «պատահական» հայտնվել էր կադրում․ իրականում դա արվել էր հանրությանն ընդամենը սկզբնախաղ ներկայացնելու նպատակով, և ընդամենը 2 ժամ անց, մենք տեսանք, թե ինչպես են միմյանց հետ զրուցելով հիշյալ դուետն անցնում Գյումրու փողոցներով։
Եկեք միասին հասկանանք, թե ի՞նչ կլոունադա էին կազմակերպել Փաշինյան-Հակոբյան զույգը և ի՞նչ էր իրականում նրանք ցանկանում քողարկել։
Ըստ էության՝ սա առաջին հերթին արվել է մարդկանց հերթական անգամ դեգրադացնելու, իրականում «գետնի վրա» տեղի ունեցող գործընթացներից ինչքան հնարավոր է հեռու պահելու և արհեստական ռեալիթի շոու ստեղծելու նպատակով։ Այս զույգի հիմնական նպատակը լուրջ, իրական սպառնալիքներից, գոյություն ունեցող խորքային պռոբլեմներից հանրությանը հեռու պահելն ու «ստերջացնելն» է։ Այսինքն հանուն իրենց առջև դրված նպատակների, հիմնական առաքելություն կյանքի կոչելու, սրանք պատրաստ են գնալ ամենաստոր ու գերզգայուն հարցերի պղծմանն ու ապականմանը։
Փաստ է այն, որ այն դեպքերում, երբ քաղաքական դաշտում կուտակվում են բարդ հարցեր՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սոցիալ-տնտեսական խնդիրներ, իշխանությունը հաճախ ստեղծում է «անձնական դրամա», որը մեդիա դաշտը կլանում է ամբողջությամբ։ Սա հին տեխնոլոգիա է՝ դեռ Հռոմեական հանրապետության անկման շրջանից հայտնի «հաց և տեսարաններ» սկզբունքի արդիական տարբերակը։
Հիմնական նպատակը արհեստական մեթոդներով հանրային օրակարգի վերահսկումն է, որոշակի էմոցիոնալ մոբիլիզացիա կազմակերպելը, ինչպես նաև բարոյական լեգիտիմության վերարտադրությունը։ Ըստ էության՝ տեղի ունեցածը դասական իմաստով, ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքական թատրոն, որտեղ իրականությունն ու բեմադրությունը միտումնավոր միքս է արված, որպեսզի հասարակ մարդը չկարողանա հստակ սահմանզատել՝ որտեղ է իրականն ու կարևորը։
Ասեմ նաև, որ նույն մեխանիզմը տարբեր ձևերով կիրառվել է թե՛ ավտորիտար, թե՛ ընտրական ժողովրդավարությունների մեջ՝ սկսած Բենիտո Մուսոլինիի բեմականացված հանրային վարքից, մինչև Դոնալդ Թրամփի մեդիա-սկանդալների մշտական շրջանառությունը։
Այն պարագայում, երբ իշխանությունը սկսում է ակտիվորեն խաղարկել նման «ռեալիթի» սյուժեներ, դա սովորաբար նշան է, որ բովանդակային օրակարգը չի աշխատում կամ հավատ չի ներշնչում, անհրաժեշտ է պահել ուշադրության վերահսկողությունը ոչ ինստիտուցիոնալ մեթոդներով, և քաղաքական մրցակցությունն իրական ծրագրերից տեղափոխվում է նարատիվների ու էմոցիաների դաշտ։
Այսինքն՝ խնդիրը քաղաքական գործընթացի դեգրադացիան դեպի կլունադայի տիրույթ տանելն է, որտեղ իրական հարցերը մղվում են երկրորդ պլան, իսկ առաջնային դառնում է այն, թե ով է վերահսկում հանրային ընկալումն ու զգացմունքը»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան