Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 19 ապրիլի, 2026 թ.

«Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները»․ Կարեն Հեքիմյան

141
Այսօր, 03:06
«Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները:
Հայաստանի բնակչության շրջանում շատ ակտիվ տարածվում է մի թեզ, ըստ որի, ընտրություններին մասնակցող կուսակցությունները «փոշիացնում են ընդդիմության ձայները»: Այսինքն, ապրիորի կա ինչ-որ ընդդիմություն, որի ձայները մնացածը փորձում են տանել՝ «փոշիացնել»:
Նախ՝ փաստենք, որ Հայաստանում բացի ՀՅԴ-ից, որևէ այլ քաղաքական միավոր չունի շոշափելի կայուն ընտրազանգված: Այդ մասին համոզվելու համար բավական է ուսումնասիրել ընտրությունների արխիվները: Այդ նույն արխիվներն ուսումնասիրելու ընթացքում կարելի է համոզվել նաև, որ ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների ստացած քվեներն ուղիղ համեմատական են վերջիններիս պաշտոնավարման հետ: Այլ կերպ ասած՝ կա պաշտոն, կա ընտրազանգված և հակառակը: Նույնը՝ ԲՀԿ-ի մասով: Ստացվում է՝ եթե ապրիորի իրեն հռչակած ընդդիմությունը չունի կայուն ընտրազանգված, ապա մնացած կուսակցություններն ի՞նչն են «փոշիացնելու»:
Բացի դրանից՝ ակնհայտ է, որ ապրիորի իրեն հռչակած ընդդիմությունն ինքն է իր ձայները «փոշիացնում»: Վստահ եմ՝ ԱԺԲ-ին կամ Մարության Հայկին ընտրողը երբեք ՀՀ 2-րդ նախագահի գլխավորած դաշինքին չի ընտրելու, սակայն Ծառուկյան Գագիկին ընտրողը մեծ հավանականությամբ Սամվել Կարապետյանին կամ Քոչարյան Ռոբերտին կընտրեր: Հիմա ո՞վ և ո՞ւմ ձայներն է փոշիացնում:
Ի դեպ, «ձայների փոշիացման» մասով անհնար է չհիշեցնել 2018 թվականի իրադարձությունները և փաստել, որ Փաշինյան Նիկոլն ընտրվեց Ծառուկյան Գագիկի, ՀՅԴ-ի (բացառությամբ մեկ պատգամավորի) և ՀՀԿ-ի «գործարար» պատգամավորների քվեներով: Բա ընտրողների ձայները «փոշիացնելը» հո պոզով և պոչով չէ՞:
Այնուամենայնիվ, եկեք մի կողմ դնենք անցյալը և տրամաբանենք: Ո՞ւմ օգտին կքվեարկի այն քաղաքացին, որը երբեք ձայն չի տա ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներին և վերջիններիս հետ փոխկապակցված միավորներին: Վերջինս կա՛մ չի գնա ընտրության, կա՛մ կքվեարկի իր հայացքներին առերևույթ համապատասխանող ինչ-որ կուսակցությանը: Սակայն, արդյո՞ք այդ կուսակցությանը կարելի համարել «ձայն փոշիացնող» կուսակցություն: Չէ՞ որ, եթե այն չմասնակցեր ընտրություններին, ապա նույն ընտրություններին չէր մասնակցի նաև այն քաղաքացին, որը երբեք ձայն չէր տա ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներին և վերջիններիս հետ փոխկապակցված միավորներին: Դրանից ո՞վ կշահեր: Վստահեցնում եմ՝ «ապրիորի ընդդիմությունը» չէր շահելու:
Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Արդյո՞ք ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները և վերջիններիս հետ փոխկապակցված միավորները պետք է ընդմիշտ «ապրիորի ընդդիմության» կարգավիճակ ունենան: Այդ դեպքում ո՞րն է բազմակուսակցականության իմաստը: Սա շատ լուրջ խնդիր է: Նորանկախ Հայաստանի քաղաքական ասպարեզում շուրջ 35 տարի շարունակ մենք չնչին բացառությամբ նույն դեմքերին ենք տեսնում: Միգուցե տարբեր վարիացիաներով, սակայն նույն դեմքերին: Հենց նոր մարդիկ են հայտնվում այդ «նույնները» վերջիններիս մեղադրում են «ձայներ փոշիացնելու» մեջ: Ըստ «նույնների», միայն իրենք են ճիշտ, մնացածը՝ «ձայն փոշիացնող են»: Իսկ միգուցե հենց իրենք՝ «նույններն են» «ձայն փոշիացնողը»: Փաստերը հենց դրա մասին են վկայում: Ամեն դեպքում, եթե քաղաքական միավորը կայուն ընտրազանգված ունի «ձայներ փոշիացնելու» մասին չի մտածի»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան