Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2026 թ.

«Արցախի դատախազները, դատավորները և քննիչներն առնչություն չեն ունեցել զինծառայողների դատավարությունների հետ»․ Էրիկ Բեգլարյան

60
Այսօր, 21:00
«Արցախի դատախազները, դատավորները և քննիչներն առնչություն չեն ունեցել զինծառայողների դատավարությունների հետ»․ Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցանկանում եմ անդրադառնալ մեկ շատ կարևոր հարցի, որը որոշ մարդկանց կողմից միտումնավոր խեղաթյուրվում է՝ նպատակ ունենալով պառակտել և բաժանել մեր հասարակությունը։ Խոսքը վերաբերում է մեր այն զինծառայողներին, ովքեր ծառայել են Արցախում։
Վերջին շրջանում որոշ բլոգերներ, օգտվելով իրենց շուրջ հավաքված նույնպիսի պառակտիչ հետևորդների քանակից, փորձում են թիրախավորել Արցախի փաստաբաններին, քննիչներին, դատախազներին և դատավորներին՝ նրանց անհիմն մեղադրելով զինծառայողների սպանությունների և ապօրինի դատավարությունների մեջ։ Հետևաբար անհրաժեշտ եմ համարում, որ մարդիկ կարդան և ճանաչեն իրականությունը, ոչ թե առաջնորդվեն ապատեղեկատվությամբ։
Սկսենք ամենակարևորից։ Արցախի դատախազները, դատավորները և քննիչները, ընդհանուր առմամբ, որևէ անմիջական առնչություն չեն ունեցել զինծառայողների գործերի քննության հետ՝ անկախ նրանից, նրանք եղել են արցախցի, թե Հայաստանից մեր եղբայրները։ Այդ բոլոր գործերով զբաղվել են բացառապես ՀՀ դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ դատարանները և ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցները։ Հետևաբար մեր զինծառայողների նկատմամբ արդար, մեղմ կամ խիստ դատական որոշումների ամբողջ պատասխանատվությունը եղել և մնում է բացառապես Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական համակարգի անմիջական պատասխանատվության ներքո։
Ինչ վերաբերում է Արցախի փաստաբաններին, այստեղ իրավիճակը բոլորովին այլ է։ Արցախի Հանրապետության փաստաբանների պալատն ունեցել է հանրային պաշտպանի գրասենյակ, որտեղ սկզբնական շրջանում ընդգրկված էին 20, իսկ հետագայում՝ 25 հանրային պաշտպաններ։ Նրանք անվճար իրավաբանական օգնություն էին տրամադրում բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև զինծառայողներին։ Առանձին դեպքերում ներգրավվել են նաև պայմանագրային, վճարովի փաստաբաններ։
2020 թվականին բյուջեի քննարկման ժամանակ ես անձամբ հանդիպել եմ Բակո Սահակյանին և խնդրել, որպեսզի Արցախի փաստաբանների պալատին տրամադրվեն ևս երկու դրույքաչափ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը հնարավորություն ունենա նաև հեռավոր շրջաններում ունենալ հանրային պաշտպաններ, ովքեր կզբաղվեն զինծառայողների գործերով։ Չնայած նույնիսկ այդ երկու լրացուցիչ դրույքաչափերի բացակայության պայմաններում մենք շարունակել ենք կատարել այդ աշխատանքը՝ 450,000 դրամի փոխարեն ստանալով ընդամենը 100,000 դրամ։ Բակո Սահակյանը չի մերժել իմ խնդրանքը։
Փաստորեն ստացվում է, որ միակ կառույցը, որը անվճար հիմունքներով իրականում պաշտպանում էր մեր զինվորներին, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններն էին։
Այս պայմաններում Արցախի դատախազներին, դատավորներին և քննիչներին զինծառայողների նկատմամբ անհիմն դատավարությունների, առավել ևս սպանությունների մեջ մեղադրելը ոչ միայն անհիմն է, այլ նաև անարդար։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի փաստաբաններին, կարծում եմ, որ միայն բարոյականությունը կորցրած մարդը կարող է մեղադրել մի կառույցի աշխատակիցների, որոնք տարիներ շարունակ պաշտպանել են թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ քաղաքացիների (զինծառայողների) իրավունքները ՀՀ իրավապահ մարմիններում և դատարաններում։
Քանի որ երկար տարիներ անմիջական մասնակցություն եմ ունեցել Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի ներքին և արտաքին ռազմավարության մշակմանը և իրականացմանը, որպես Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանները որևէ սպանության կամ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի հետ առնչություն չեն ունեցել։ Իսկ իմ կողմից վերոնշյալ մյուս Արցախի կառույցները, ընդհանուր առմամբ, ընդհանրապես կապ չեն ունեցել զինծառայողների գործերի հետ»։

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան