«Հուսանք՝ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն»․ Արմեն Այվազյան
65
Երեկ, 23:30
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Թրամփը, ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է Իրանին ցեղասպանությամբ՝ «ամբողջ քաղաքակրթության» բնաջնջմամբ։ Նա խոստացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։ Հասկանալի է, որ բոլորը ոչնչացնել չի կարող, քանի որ էլեկտրակայանների թիվը հասնում է մոտ 400-ի, իսկ կամուրջների թիվը շատ-շատ է. այն իրականում անհնար է հաշվարկել՝ Իրանը լեռնային երկիր է։ Սակայն խոշոր էլեկտրակայաններն ու կարևոր կամուրջները շարքից հանել կարող է։ Իհարկե, դրան կհետևի Իրանի չափազանց ուժգին պատասխանը՝ ուղղված Իսրայելին և հատկապես Պարսից ծոցի արաբական միապետություններին։ Դրանից հետո պատերազմը կմտնի բոլորովին նոր փուլ՝ կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով, որոնց կանդրադառնամ վաղը։ (Նշեմ միայն, որ, ինչպես միշտ ՀՀ «ղեկավարությունը» զբաղված է ինչով ասես՝ բացի երկիրը մոտակա հնարավոր ճգնաժամային իրավիճակներին նախապատրաստելու հարցերից։) Իսկ այժմ ուզում եմ մի քանի խոսք ասել Թրամփի վերջնագրին Իրանի տված պատասխանի մասին։ Ըստ Wall Street Journal-ի՝ Իրանը մերժել է վերջնագիրը և միջնորդների միջոցով հայտնել, որ իր տրամադրության տակ ունի մոտ 15,000 հրթիռ և շուրջ 45,000 անօդաչու սարք, որոնցով դեռ կարող է շատ մեծ վնասներ հասցնել իր թշնամիներին։ Այս պատասխանը կարդալիս անմիջապես հիշեցի 1720-ական թվականներին Արցախում կենտրոնացած նորաստեղծ հայոց զորքի հրամանատարության պատասխանը օսմանյան բանակի գլխավոր զորահրամանատար Սարի-Մուսթաֆա փաշային։ 1725 թ. վերջինս սուրհանդակ էր ուղարկել «Սղնախի հայերին»՝ պահանջելով նրանցից հինգ տարվա հարկն ու տուրքը։ Հրաժարվելու դեպքում սպառնացել էր զորքով ներխուժել Ղարաբաղ և ավերել երկիրը։ Ըստ ռուսերեն գրված մի արխիվային փաստաթղթի՝ «Սղնախի հայերը պատասխանել են նրան, թե՝ “մենք փող չունենք, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի մեկ հրացան ու մեկ սուր։ Եվ եթե իսկապես մեր դեմ արշավես, ապա Աստծո օգնությամբ ձեր դեմ կկռվենք։ Իսկ ձեզանից չենք վախենում, որովհետև մեր մարտիկների թիվը մեծ է՝ քառասուն հազար մարդ”»։ Փաստորեն, ինչպես և նախորդ գրառմանս մեջ էի նկատել, հայ և իրանցի ռազմիկներն ունեն բավականին նույնանման արխետիպային մտածողություն՝ արժանապատվություն, դիմադրություն, ինքնազոհաբերություն՝ հանուն հայրենիքի։ Եվ այդ ամենն պարզորեն արտահայտվում է նաև լեզվամտածողության ու տրամաբանության միակերպության մեջ։ Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը։ Հուսանք նաև, որ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն հենց բուն Միացյալ Նահանգներում։ Աստվածն առաջ։ Հ.գ. Ահա նաև վերը հիշատակված ռուսերեն վավերագրից բնագրային հատվածը»։