Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 ապրիլի, 2026 թ.

«Ֆրակցիայում ինձ ասում էին՝ վրեքս վարչապետ ես բերո՞ւմ»․ Հայկ Սարգսյան

68
Այսօր, 13:36
«Ֆրակցիայում ինձ ասում էին՝ վրեքս վարչապետ ես բերո՞ւմ»․ Հայկ Սարգսյան

«Ես վարչապետին ներկայացրել եմ մտահոգիչ կետերը, որից հետո վարչապետի հանձնարարականով փոփոխություններ են եղել։ Նախորդիվ ֆրակցիայում ինձ ասում էին՝ դու վարչապետով մեզ սպառնում ես, գալիս, ասում ես՝ վարչապետը կողմ է նախագծին, կողմ քվեարկեք, վրեքս վարչապետ ես բերո՞ւմ։ Ասում էի՝ ես վարչապետի հետ քննարկել եմ։ Հիմա էլ ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ վարչապետին իմ բոլոր խնդրանքները կատարելու համար, երբ ցանկացել եմ հանդիպում՝ վարչապետն ինձ ընդունել է, ցանկացել եմ ընդլայնված հանդիպում, ասել է՝ ում հետ ես ուզում, հանդիպումը հրավիրել է»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին իր հեղինակած նախագծին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է ժամկետային զինծառայողների թվի նվազման խնդիրը՝ ներկայացնելով դրա հաղթահարմանն ուղղված չորս հիմնական առաջարկ: «Զինվորների թվաքանակն ավելացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ համակցված քայլերը․ Առաջին՝ բարձրացնել ծառայության սահմանային տարիքը։ Երկրորդ՝ քրեականացնել ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելը։ Երրորդ՝ ծառայությունից խուսափած անձանց համար սահմանել կարճաժամկետ ծառայության հնարավորություն՝ բարձր վճարի դիմաց, ինչպես արդեն կիրառվում է 27 տարին լրացածների դեպքում։ Չորրորդ՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել ավելի բարձր վճար»,- ասել էր նա:

«Ֆրակցիայում ինձ ասում էին՝ վրեքս վարչապետ ես բերո՞ւմ»․ Հայկ Սարգսյան