«Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին»․ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
108
Այսօր, 09:42
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ «Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս, չէ՛ աստ, քանզի յարեաւ» Ղուկաս ԻԴ 5-6 Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Ամենայն սիրով և ուրախությամբ՝ մեր ջերմ օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության սքանչելախորհուրդ և հոգեզվարթ տոնի առթիվ ու ցնծությամբ ողջունում բաղձալի ավետիսով՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Քրիստոս Հարության լուսապայծառ շնորհը պարգևեց մարդկանց, Իր աստվածային անսահման սիրով ցրելով անհուսության խավարը՝ որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, աշխարհն ավերող աղետներից: Եվ մենք սիրելինե՛ր, այս սքանչելի տոնին պիտի կարողանանք արժևորել մեզ տրված կյանքը, Հարության հույսով ու սպասումով, աստվածային պատգամների գործադրմամբ ապրելով երկրային մեր ժամանակը: Արդարև, աշխարհը ցնցող մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ Հայաստան աշխարհը ապրում է ծանրագույն ժամանակներ և դիմակայում է արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների, երբ խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, ներքին միասնությունը, համերաշխությունը և խարխլվում են մեր ինքնության հիմնասյուները՝ առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար, որ մարդկությունը գործեց Աստծուն հակառակ և միմյանց դեմ ՝ զորացնենք մեր հոգիները Սուրբ Հարության կենսառաք և հրեշտակավանդ ավետիսով: Սիրելի՛ հավատացյալներ, Քրիստոսի Սբ Հարության հավատքին ապավինած դարեր շարունակ հաղթահարել ենք բամզաթիվ ծանր փորձություններ, և այսօր էլ բոլոր մեր մեղքերի ու սխալների, թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ նորոգվենք, գոտեպնդվենք, Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին: Գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված, որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորացնի ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, անսասան պահի Հայոց աշխարհը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում և համայն աշխարհում: Սուրբ Հարության հոգենորոգ խորհրդով և կենդանարար շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք: Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն: Քրիստոս յարեաւ ի մեռելոց Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։