Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ.

«Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից»․ Կարինե Սմբատյան

97
Այսօր, 10:12
«Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից»․ Կարինե Սմբատյան

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է, ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՀԱՎԵՐԺ
Այսօր ես այլևս չեմ զբաղեցնում դպրոցի տնօրենի պաշտոնը, բայց ես երբեք չեմ դադարի լինել հայ մանկավարժ և հայ սպա՝ իմ հոգու ներսում։ Իմ հեռացումը կամ պաշտոնից զրկվելը փոքրագույն գինն է այն ամենի դիմաց, ինչին ես հավատում եմ և ինչին ծառայում եմ։ Ես չեմ կարող լռել, երբ հարվածի տակ են դրվում մեր սաների հոգևոր ու հայրենասիրական արժեքները: Այն դրոշը, որն այսօր դարձել է քննարկման առարկա, պարզապես խորհրդանիշ չէ. այն մեր աշակերտների համար կենդանի հիշողություն է, սրբություն և պատգամ՝ գրված մերօրյա հերոսների ձեռքով:
Ես հպարտ եմ իմ աշակերտներով։ Նրանք ապացուցեցին, որ մեր տարիների աշխատանքն իզուր չի անցել։ Երբ երեխաները բարձրաձայնում են Արցախի դրոշը՝ մեր սուրբ մասունքը պաշտպանելու մասին, նշանակում է՝ մենք կրթել ենք Արժանապատիվ Սերունդ:
Իմ պատասխանը նրանց, ովքեր փորձում են հրահանգներով «մաքրել» մեր հիշողությունը, մեկն է.
Պարոն մարզպետ.
․ Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունը իմ սրտից։
․ Դուք կարող եք հրամայել հանել դրոշը, բայց չեք կարող ջնջել մեր հերոսների ստորագրությունները մեր հոգիներից։
Ես միացել եմ «Ուժեղ Հայաստան» թիմին, որովհետև տեսնում եմ, որ այսօր մեր երկրին օդ ու ջրի պես պետք է պայքար՝ հանուն արժեքների, հանուն սրբությունների և հանուն մեր երեխաների ապագայի։ Ես շարունակելու եմ իմ պայքարը արդեն որպես ազատ քաղաքացի՝ սատարելով յուրաքանչյուրին, ով չի վախենում տեր կանգնել մեր ինքնությանը։
Պատիվ ունեմ»։

Աղբյուրը`   Կարինե Սմբատյան