Իսրայելում 2025 թ․ հայերի դեմ իրականացվել է առնվազն 20 հարձակում
71
Այսօր, 01:06
Իսրայելում 2025 թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում. այս մասին նշված է իսրայելական Rossing Center for Education and Dialogue կազմակերպության «Հարձակումներ քրիստոնյաների վրա Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում» զեկույցում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: «Նշենք, որ զեկույցում խոսվում է նաև Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության դեմ բազմաթիվ հարձակումների, ինչպես նաև քրիստոնյաների, այդ թվում՝ զբոսաշրջիկների վրա հարձակումների մասին՝ առանց տուժածների ազգությունը նշելու։ Զեկույցը ներկայացնում է 2025 թվականի ընթացքում Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում քրիստոնեական համայնքների նկատմամբ հալածանքների և բռնությունների վերլուծությունը։ Հիմնվելով 2024 թվականին արձանագրված միտումների վրա՝ դրանում արձանագրվել է ահաբեկման և ագրեսիայի շարունակական ու ընդլայնվող միտում, մասնավորապես՝ հոգևորականության և եկեղեցական սեփականության դեմ։ Զեկույցում ընդգծվում է, որ միտում այնպիսին է, որ քրիստոնյաները տուժում են ոչ միայն որպես կրոնական փոքրամասնություն, այլև պաղեստինցիների դեպքում, օրինակ, նաև իրենց ազգային պատկանելության պատճառով։ 2025 թվականին արձանագրված 155 միջադեպերի մեջ ֆիզիկական հարձակումները մնացել են ամենատարածված տեսակը՝ 61 դեպք։ Եկեղեցական սեփականության դեմ հարձակումները 52 –ն են եղել։ Մնացած դեպքերը վերաբերում էին հետապնդումներին (28 դեպք) և քրիստոնեական բովանդակություն ունեցող հանրային ցուցանակների վնասմանը (14 դեպք)։ «Չնայած այս թվերը ներկայացնում են միայն «սառցաբեկորի գագաթը», դրանք, այդուհանդերձ, արտացոլում են կայուն և տագնապալի միտում՝ բացահայտ բռնությունը և ամենօրյա ստորացումները կուտակվում են՝ ձևավորելով մեկուսացման ավելի լայն մթնոլորտ», - ասվում է զեկույցում։ Ինչպես և 2024 թվականին, ֆիզիկական հարձակումների մեծ մասն ուղղված է եղել հոգևորականների՝ վանականների, միանձնուհիների, եղբայրների և քահանաների դեմ, որոնց առօրյա կյանքում հեշտ է ճանաչել բնորոշող հագուստով և տեսանելի քրիստոնեական խորհրդանիշներով։ Թքելը շարունակում է մնալ թշնամանքի ամենատարածված արտահայտություններից մեկը։ Այն, ինչ նախկինում հաճախ կատարվում էր գաղտնի, այժմ հաճախ տեղի է ունենում բացահայտ՝ ցերեկով, երբեմն մարդկանց բազմության և անգամ ոստիկանների ներկայությամբ։ Այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Սիոն լեռը և հայկական թաղամասը, հոգևորականները նշում են, որ նման միջադեպերն այնքան սովորական են դարձել, որ փողոց դուրս գալը գրեթե անխուսափելիորեն կապված է վիրավորանքների վտանգի հետ։ Զեկույցում նշվում է, որ բռնության և գույքի փչացման լուրջ դեպքերը կարող են գրավել հանրության ուշադրությունը և երբեմն առաջացնել պաշտոնական արձագանք։ Սակայն ավելի խոր և երկարաժամկետ վտանգը հաճախ թաքնված է մանր միջադեպերում՝ թքելու, վիրավորանքների, ահաբեկման, մանր վանդալիզմի և այլ դրսևորումների մեջ։ Առանձին վերցրած՝ այս գործողությունները հեշտությամբ անտեսվում են, հատկապես մի տարածաշրջանում, որտեղ մարդիկ սովոր են առօրյա բռնությանը։ «Սակայն միասին դրանք ունեն նվաստացնող և սպառիչ ազդեցություն․ ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ քրիստոնյաներն իրենց ավելի ու ավելի անցանկալի են զգում, ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը և անվստահ են իրենց համայնքների ապագայի նկատմամբ», – նշվում է զեկույցում։ 2025 թվականի ուսումնասիրության արդյունքները վկայում են մտահոգիչ միտման մասին․ քրիստոնյաների նկատմամբ հետապնդումներն ու բռնությունը շարունակվում են, իսկ անհանդուրժողականությունն աճում է։ Խնդիրը միայն միջադեպերի քանակը չէ, այլ նաև դրանց համակցված ուղերձը՝ քրիստոնեական ներկայությունը վիճարկվում է, պայմանական է և խոցելի՝ աստիճանաբար թուլացման համար»,- գրել է լրատվամիջոցը։