Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2026 թ.

Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»

73
Այսօր, 09:18
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Դատական դեպարտամենտում որոշում է կայացվել աղմկահարույց քրեական գործերով, հատկապես սպանությունների վերաբերյալ վարույթներով դատական նիստերն անցկացնել ուժեղացված ծառայության պայմաններում։

Պատճառը համակարգում առկա մտահոգությունն է, որ նման գործերով տուժողների և մեղադրյալների միջև բախումները դատարաններում կարող են դառնալ ավելի հաճախակի և անկանխատեսելի։ Մասնավորապես, դատական համակարգում չեն բացառում, որ աղմկահարույց սպանությունների գործերով լարվածությունը կարող է վերածվել բացահայտ բախումների, ինչպես դա տեղի ունեցավ երեկ Չարենցավանում։ Այդ պատճառով որոշվել է խստացնել ծառայությունը՝ հնարավոր միջադեպերն ու բախումները կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ երեկ Չարենցավանի դատարանում ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Աբովյան քաղաքի կանգառի մոտ տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը անցել է ծայրահեղ լարված մթնոլորտում։ Ըստ տեղեկությունների՝ նիստի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչների և մեղադրյալների միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակն այնքան է սրվել, որ դատավորը չի կարողացել այն վերահսկել, և դատարան են շտապել իրավապահ ուժերը։

ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ ծեծկռտուքի դեպքով կա 31 ձերբակալված։ Բացի այդ, բախումը կանխելու փորձ կատարած դատական կարգադրիչներից մի քանիսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։