Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2026 թ.

ՔՊ-ն նոր որոշում ունի. լինել առավել կոռեկտ և զուսպ. «Ժողովուրդ»

52
Այսօր, 08:48
ՔՊ-ն նոր որոշում ունի. լինել առավել կոռեկտ և զուսպ. «Ժողովուրդ»

ՔՊ-ական աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում հայտարարել է, որ ապրիլի 1-ից փոխում են քաղաքական գործելաոճը, և այսուհետ խստագույնս պետք է պահպանեն ՔՊ էթիկայի և վարքականոնի սկզբունքները։
Վարչապետը նաև հանձնարարել է թիմակիցներին որևէ պարագայում չթիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին և քննադատներին, խուսափել վիրավորական և անհարգալից ձևակերպումներից և քարոզարշավին ընդառաջ հանդես գալ առավել զուսպ ու քաղաքակիրթ վարքով։ Քարոզարշավը նախատեսվում է մեկնարկել մայիսի 7-ից։
ՔՊ ներսում նման մոտեցման ձևավորումը, ըստ քաղաքական շրջանակների, պայմանավորված է վերջին շրջանում արձանագրված հասարակական վերաբերմունքով և մի շարք աղմկահարույց միջադեպերով։ Մասնավորապես, հանրային քննարկումների առարկա էր դարձել դեպքը, երբ եկեղեցում երիտասարդների մի խումբ անհանդուրժողական վերաբերմունք էր ցուցաբերել վարչապետի նկատմամբ, ինչպես նաև միջադեպը, երբ մի երիտասարդ թքել է վարչապետի կորտեժի ուղղությամբ, ինչից հետո ձերբակալվել է։

Կուսակցության ներսում համոզմունք է ձևավորվել, որ ընտրական փուլ մտնելու նախաշեմին անհրաժեշտ է նվազեցնել բևեռացվածության մակարդակը և քաղաքական գործընթացները տեղափոխել առավել կոռեկտ ու ինստիտուցիոնալ դաշտ (Կ)։