Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 29 մարտի, 2026 թ.

«Հայաստանի ղեկավարի գործը Նիկոլ Փաշինյանի հագով չէ». Վարդան Օսկանյան

67
Այսօր, 10:18
«Հայաստանի ղեկավարի գործը Նիկոլ Փաշինյանի հագով չէ». Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե դեռ որևէ կասկած ունեք, որ այս բարդ տարածաշրջանում արդեն իսկ ամենաանշահեկան վիճակին հասցրած Հայաստանի ղեկավարումը Փաշինյանին երրորդ անգամ վստահելը կարող է լրջորեն վտանգել Հայաստանի գոյությունը, պարզապես փորձեք կարդալ տարածաշրջանային զարգացումների մասին վերլուծությունները։ Առանց դրա էլ, իհարկե, տասնյակ անհերքելի և հիմնավորված պատճառներ կան, որպեսզի պարզ լինի, որ Փաշինյանը պետք է հեռանա հունիսի 7-ին։
Սկսած՝ Ադրբեջանի հետ բանակցությունները տապալելուց և պատերազմ հրահրելուց, այն աղետալիորեն տանուլ տալուց, մինչև Լեռնային Ղարաբաղի ամբողջական դատարկումն ու կորուստը։ Սրան գումարեք Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խաթարումը, քանի որ Ադրբեջանը դեռ օկուպացնում է և գուցե դեռ օկուպացնելու է երկրի տարբեր հատվածներ, ինչպես նաև Սահմանադրության խաթարումը, դատական համակարգի դելեգիտիմացումը և քաղաքացիական իրավունքների ու խոսքի ազատության հետևողական սահմանափակումը։
Փաշինյանի «ձեռքբերումներից են» հասարակության խոր պառակտումը, պետական համակարգը զավեշտի վերածելը, բյուջեի չարաշահումը, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումները, սփյուռքի աճող օտարացումը և այս ամենի ֆոնին՝ Հայաստանի հեղինակության անկումը։ Ցանկը կարելի է երկար շարունակել։
Բայց հատկապես այսօր, երբ պատերազմ է ծավալվում Իրանում՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ, և այժմ արդեն ողջ Միջին Արևելքում, ևս մեկ ծանրակշիռ պատճառ է ավելանում, որպեսզի Փաշինյանը հեռանա։
Ինչպիսին էլ լինի այս պատերազմի ելքը, մինչև հունիսի 8-ը տարածաշրջանը այլևս նույնը չի լինելու։ Նույնը չի լինելու նաև ներգրավված խաղացողների վերաբերմունքն ու ակնկալիքները այս տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Մեզ շատ բարդ ժամանակներ են սպասում։ Իսկ Փաշինյանը հստակ ցույց է տվել, որ նա այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում, ինչպիսին 2018-2020 թվականներն էին։
Անցած ութ տարիների ընթացքում նա ցույց է տվել խոր անտեղյակություն և անունակություն՝ գրեթե բոլոր ոլորտներում։ Մենք սխալ գործեցինք 2018-ին՝ վստահելով երկրի ղեկավարությունը նրան։ Երկրորդ սխալը գործեցինք՝ նրան վերարտադրելով 2021-ին։ Երրորդ սխալը թույլ տալու իրավունք չունենք։
Հունիսի 7-ին Փաշինյանը պետք է հեռանա։ Հայաստանի ղեկավարի գործը, իր իսկ պատճառով ստեղծված իրավիճակում և իրենից անկախ բարդ տարածաշրջանում, նրա հագով չէ։ Ինչպես ցույց տվեց փորձը՝ երբեք էլ չի եղել»:

Աղբյուրը`   Վարդան Օսկանյան