Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 29 մարտի, 2026 թ.

«Ով պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին». Բագրատ Սրբազան

93
Այսօր, 09:54
«Ով պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանի նամակը՝ կալանավայրից. «Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ.
Օրհնեալ եկեալն անուամբ Տէառն...
Ծաղկազարդ է՝ Տիրոջ հրաշալի և փառավոր մուտքը Երուսաղեմ: Հրաշալի առիթ է մեզ համար թե՛ անհատապես, և թե՛ անձնապես, և թե՛ հավաքական առումով Ծաղկազարդվելու, նորոգվելու, բացելու մեր սրտերը՝ որպես հոգևոր Երուսաղեմ՝ Տիրոջ սրբագործող մուտքի և բնակության համար:
Գիտեք սակայն, որ Ծաղկազարդին հաջորդում է Ավագ կամ Չարչարանաց (չարչարանքների) շաբաթը՝ ուրացում, դավաճանություն, կեղծ դատավարություն, խաչելություն, բայց և ի վերջո Հարություն և Հաղթանակ:
Այսուհանդերձ, ավելի ճիշտ կլիներ ասել, որ Ծաղկազարդը նախորդում է Չարչարանաց խորհրդին, որը նաև մեր կյանքի արտացոլանքն է. կյանքը միայն Ծաղկազարդ չէ, և ոչ էլ միայն Չարչարանաց խորհուրդ, սակայն նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ:
Մեր Տիրոջ ճանապարհը այդպիսին էր և է, իսկ մերը՝ ընտրություն՝ ընթանալ այդ ճանապարհով, թե ոչ:
Մեր Տիրոջ օրհնությունը բոլորիդ հետ լինի, սիրելինե՛ր՝ մեր կյանքի Ծաղկազարդումի և մեր սրտերում Հիսուսի բնակության և մեր կյանքն առաջնորդելու խորհրդով և շնորհով:
Հիշե՛ք, Ծաղկազարդը խաչելության ճանապարհով ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ հասնելու դառը և' ճանապարհն է, և' այդ
ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ...»:

Աղբյուրը`   Բագրատ Սրբազան