Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.

«Երբ «իշխանությունը» հակված է լինում բռնաճնշումների, դա վերջ չի ունենում»․ Սուրեն Սահակյան

114
Այսօր, 19:18
«Երբ «իշխանությունը» հակված է լինում բռնաճնշումների, դա վերջ չի ունենում»․ Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի անխափան գործող օրենք կա աշխարհում/կյանքում/քաղաքականության մեջ։ Երբ «իշխանությունը» բարոյական արժեքներից զուրկ է և հակված է բռնաճնշումների, ուրեմն դա վերջ չի ունենում։ Եթե սկզբում ճնշումները վերաբերում են գուցե իրապես մեղավորներին, բայց նրանց նկատմամբ անարդար են գործում, ապա հետագայում դա տարածվում է անմեղ հակառակորդների վրա, հետո՝ յուրայինների, հետո՝ կամայական անցանկալիների, հետո՝ բոլորի։ Սրա կանգնեցնելու մի ձև կա՝ կայացած ու փոխզսպող ինստիտուտները։ Հայաստանը դրանցից չունի։ Չուներ նաև ստալինյան համակարգը, ու էդ նույն կերպ եղավ։ Պուտինը սկզբում վերացրեց ինստիտուտները, ու երբ ազատվեց դրանցից, հիմա բռնաճնշումները բոլորի վրա են տարածվում։ Ռուսաստանի վրա օրինակները բերեցի, բայց դա բոլորին է վերաբերում։ Բացառապես բոլորի։ Սրբազանների գործը, Սամվել Կարապետյանի գործը, Հովիկ Աղազարյանի գործը, Միկայի գործը, սրանք ցուցիչներ են։ ՔՊ-ականների սանձարձակ պահվածքը ցուցիչ է։ Կայացած քաղաքական ինստիտուտներ ու ավանդույթներ ունեցող երկրներում ժողովուրդն արդեն վաղուց հասկացած կլիներ։ Մեզ մոտ դեռ մտայնություն կա, թե Հայաստանում ժողովրդավարություն է։ Ուրեմն, պատրաստվեք Հայաստանում եղած ամենածանր բռնաճնշումներին ու բռնապետությանը։ Քանի որ ինստիտուտներ չկան, էս հեռանկարը կանգնեցնող միակ կարող ուժը ժողովրդական ցասումն է լինելու։
Արածս «բայղուշություն» չի, սա զգուշացում է իրոք անխուսափելիի մասին։ Դեռ ոչ մի երկիր էդ օրինաչափությունից չի խուսափել, այն չի խախտվել երբևէ, այն միշտ աշխատում է։ Դա միանգամից չի լինում։ Տարիներ անց միայն հետ ես նայում ու տեսնում՝ որտեղից ուր ես հայտնվել ու անելու քիչ բան կա արդեն»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան