Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

«Առողջ ուժերի համախմբումն է այն միակ գործիքը, որն ունակ է կանգնեցնել այս ճգնաժամը»․ Սամվել Բաբայան

74
Այսօր, 11:18
«Առողջ ուժերի համախմբումն է այն միակ գործիքը, որն ունակ է կանգնեցնել այս ճգնաժամը»․ Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի քաղաքական դաշտը դադարել է լինել ազգային դիմադրողականության ողնաշարը։ Այն վերածվել է ինքնակործանման թատրոնի, որտեղ գաղափարական մրցակցությունը փոխարինվել է ներքին թշնամանքի նպատակային գեներացմամբ։ Սա այլևս քաղաքականություն չէ: Սա պետականության հիմքերի կազմալուծում և քաղաքական սնանկության ծայրահեղ դրսևորում է։
- Դուք քաղաքական օրակարգը բաժանել եք կեղծ բևեռների, որոնք հավասարապես կործանարար են։ Մեկը վախեցնում է պատերազմով՝ զիջումները մատուցելով որպես փրկություն, մյուսը խոսում է հաղթանակից՝ առանց ռեսուրսների ու հնարավորությունների հստակ հաշվարկի։ «Խաղաղությունը» ոչ թե լոզունգ է, այլ հավասարակշռություն։ Առանց իրապես գործող բանակի և կայուն տնտեսության՝ ձեր «խաղաղությունը» կապիտուլյացիա է, իսկ ձեր «պատերազմը»՝ պետականակործան արկածախնդրություն։
- Դուք պետական կառավարման համակարգը դարձրել եք պատասխանատվությունից փախչելու միջոց և նպատակ։ Մարդկանց կերակրելով «ներկաների» ու «նախկինների» մաշված հեքիաթներով՝ դուք փորձում եք լռեցնել հանրային պահանջատիրությունը։ Քանի դեռ ընտրությունը կատարվում է հանուն կամ ընդդեմ անձի, այլ ոչ թե համակարգի, մենք շարունակելու ենք մսխել պետության բոլոր հնարավոր ռեսուրսները։
- Այսօր սահմանադրական կարգն, ըստ էության, տապալված է, իսկ օրենքը ծառայում է օրվա քաղաքական նպատակահարմարությանը՝ երկիրը վերածելով կառավարվող քաոսի։ Դուք ժողովրդին զրկել եք բովանդակային այլընտրանքից՝ նրան պարտադրելով ընտրություն կատարել «սևի» ու «սպիտակի» միջև։ Մարդկանց կերակրելով «կուռքերի» ու «փրկիչների» հեքիաթներով՝ դուք գիտակցաբար շեղում եք հանրությանը բովանդակային քննարկումներից։
Հայաստանը վաղուց պառլամենտական երկիր է, սակայն քաղաքական վարքագծում դեռևս համառորեն պահպանվում է անհատի ընտրության կործանարար տրամաբանությունը։

- Պառլամենտարիզմի առողջ մեխանիզմը պարզ է. հասարակությունն ընտրում է ծրագիր, օրենսդիրն այն վերածում է օրենքի, իսկ գործադիրն անվերապահորեն իրագործում այն։ Մեզ մոտ ուղիղ հակառակն է։ Քանի դեռ քաղաքացին ընտրում է անձին, այլ ոչ թե համակարգն ու պատասխանատվությունը, մենք շարունակելու ենք արձանագրել համակարգային ձախողումներ։
- Մենք հասել ենք կարմիր գծին․ հասարակության լայն շերտերում հաճախ բացակայում է իրավիճակի ամբողջական ընկալումը՝ թե՛ ներքաղաքական զարգացումների, թե՛ տարածաշրջանում առկա բարդ քաղաքական և անվտանգային իրողությունների ազդեցության վերաբերյալ։ Մինչդեռ տարածաշրջանային լարվածությունը և պատերազմական ռիսկերն ուղղակիորեն ազդում են Հայաստանի ապագայի վրա և պահանջում են առավելագույն համախմբվածություն և սթափ քաղաքականություն։ Ուստի դաշտում տեղ չունեն նրանք, ովքեր չունեն թվերով ու ռեսուրսներով հաշվարկված ճգնաժամային լուծումներ։ Մեզ անհրաժեշտ է զարգացման նոր ուղեցույց և օրենսդրական ամուր հիմք, որտեղ կգործեն հակակշիռները, այլ ոչ թե անձի քմահաճույք։
- Այսօր միմյանցից ձայներ փախցնելը կամ մանր քաղաքական առևտուրը ոչ թե մրցակցություն է, այլ պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն։ Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը։ Մենք ներքին ճակատներ բացելու շռայլության հնարավորություն չունենք․ ժամանակը պահանջում է միավորվել հավասարակշռող ռազմավարության շուրջ։ Միայն առողջ ուժերի ինստիտուցիոնալ համախմբումն է այն միակ գործիքը, որն ունակ է կանգնեցնել այս ճգնաժամը։
Ես կողմ եմ ինքնակազմակերպված Հայաստանին, որտեղ քաղաքական միավորները գործում են որպես մեկ բռունցք, այլ ոչ թե որպես սեփական ժողովրդից վերջին պատառը խլող ու իրար մեջ բաժանող խմբակներ։
Ժամանակը սպառվում է. ընտրությունը բոլորինս է»։

Աղբյուրը`   Սամվել Բաբայան